ԱԺ-ն ընդունեց Կառավարության անդամների երդման նոր տեքստը – armeniatoday.am

Ազգային ժողովը 61 կողմ, 35 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և վերջնական ընդունել է կառավարության անդամների երդման նոր տեքստը։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱԺ-ում ներկայացրել էր կառավարության անդամների երդման նոր տեքստը՝ ներկայացնելով դրա բովանդակությունն ու փոփոխությունների պատճառները։

Նախարարի խոսքով՝ գործող տեքստն ամբողջությամբ չէր արտացոլում պետության հարատևության, սերունդների առջև պատասխանատվության և պետականության ամրապնդման առանցքային սկզբունքները։ Նոր խմբագրությամբ առաջարկվում է ամրագրել, որ կառավարության անդամը պետք է գործի Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, ծառայի հանրային շահին, պաշտպանի պետական շահը, նպաստի պետականության ու սահմանադրական կարգի ամրապնդմանը, ինչպես նաև պատասխանատվություն կրի ներկա և ապագա սերունդների առջև։

Երդման նոր տեքստն առաջարկվում է շարադրել հետևյալ կերպ․ «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել Կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա և ապագա սերունդների»։

Ընդդիմությունը դեմ էր արտահայտվել նախագծին՝ նշելով, որ իշխանություններն իրավունք չունեին տեքսից հանել հայրենիք, ազգ ու ժողովուրդ եզրույթները։ Նրանք դեմ են քվեարկել նախագծին։

Leave a Comment