Պաոլո Մալդինիի որդին երկար ժամանակով կզրկվի վարորդական իրավունքից

Իտալական «Կալյարիի» կիսապաշտպան և լեգենդար Պաոլո Մալդինիի որդի Դանիել Մալդինին Միլանում ավտովթարի է ենթարկվել, ինչից հետո զրկվել է վարորդական իրավունքից՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար:

Միջադեպը տեղի է ունեցել Միլանի կենտրոնում։ Ըստ ոստիկանության նախնական տվյալների՝ Դանիելը վարել է Porsche Carrera 4 մակնիշի ավտոմեքենա և, խախտելով երթևեկության կանոններն ու չզիջելով ճանապարհը, բախվել է Volkswagen Golf-ի։ Ուժեղ հարվածի հետևանքով Golf-ն էլ բախվել է Mercedes-ին։

Վթարի հետևանքով տուժել է 6 մարդ, այդ թվում՝ անձամբ Մալդինին ու ևս հինգ երիտասարդ (20 և 22 տարեկան աղջիկներ, ինչպես նաև 19, 20 և 21 տարեկան տղաներ)։ Բարեբախտաբար, բոլորը ստացել են թեթև մարմնական վնասվածքներ։

Դեպքի վայրում իրականացված ալկոթեստը ցույց է տվել, որ Մալդինին գտնվել է ալկոհոլի ուժեղ ազդեցության տակ։ Այժմ ոստիկանությունը սպասում է նաև հիվանդանոցից փոխանցվող թմրանյութերի առկայության ստուգման արդյունքներին։

Ֆուտբոլիստին սպառնում է վարորդական իրավունքից զրկում 1-ից 2 տարի ժամկետով, ինչպես նաև ավտոմեքենայի բռնագրավում։

Leave a Comment