Այս անգամ, սակայն, այցը տեղի է ունենում նոր քաղաքական միջավայրում։ 2025-ին Հայաստանն ու Չինաստանը հարաբերությունները բարձրացրին ռազմավարական գործընկերության մակարդակի։ Ուստի հարցն այլևս միայն ռազմական շփումները չեն, այլ, թե ի՞նչ տեղ կարող է զբաղեցնել Չինաստանը Հայաստանի նոր անվտանգության և արտաքին քաղաքական ճարտարապետության մեջ։
Հայաստանն արդեն խորացնում է պաշտպանական համագործակցությունը Հնդկաստանի և Ֆրանսիայի հետ, զարգացնում հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Չինական ուղղությունը կարող է ավելացնել ևս մեկ շերտ՝ ռազմական կրթությունից ու տեխնոլոգիաներից մինչև կապի, կառավարման, հակաօդային պաշտպանության և ռազմարդյունաբերական համագործակցություն։
Պեկինի գլխավոր արժեքը, սակայն, Հայաստանի համար զենքի հնարավոր մատակարար լինելը չէ՝ Չինաստանը կարող է մեծացնել Հայաստանի ընտրության տարածքը։
Հայաստանի անվտանգության համակարգի տասնամյակների գլխավոր թուլությունը մի կենտրոնից չափազանց մեծ կախվածությունն էր։ Դրանից ճիշտ հետևությունը մեկ հովանավորին մյուսով փոխարինելը չէ․ պետք է ստեղծել հարաբերությունների այնպիսի ցանց, որտեղ որևէ գործընկեր անփոխարինելի չի դառնում։
Մեր հարևանները դա վաղուց են հասկացել։ Վրաստանն ու Ադրբեջանը Չինաստանի հետ հարաբերությունները հասցրել են ռազմավարական գործընկերության բարձր մակարդակների։ Իրանը Պեկինի համապարփակ ռազմավարական գործընկերն է, Թուրքիան հետևողականորեն ընդլայնում է տնտեսական և քաղաքական հարաբերությունները Չինաստանի հետ։
Այսինքն՝ Չինաստանն արդեն Հարավային Կովկասում է, և հարցն այն է՝ Հայաստանը որքան արդյունավետ է օգտագործելու այդ ներկայությունը։
Պեկինի երկարաժամկետ հետաքրքրության ամենատեսանելի խորհրդանիշներից մեկը հենց Երևանում է՝ Չինաստանի շուրջ 40 հազար քառակուսի մետր տարածքով դեսպանատան համալիրը, որը բացման պահին ներկայացվում էր որպես Չինաստանի երկրորդ ամենամեծ դիվանագիտական ներկայացուցչությունը նախկին Խորհրդային Միության տարածքում։
Բայց Հայաստանի իրական հնարավորությունը աշխարհագրության փոփոխության մեջ է։ Եթե խաղաղությունը կայանա, հայ-թուրքական սահմանը բացվի և տարածաշրջանային հաղորդակցությունները վերագործարկվեն, Հայաստանը կարող է Պեկինի համար վերածվել Կասպից ծովը, Սև ծովը, Թուրքիան և Եվրոպան կապող ավելի լայն ցանցի օղակի։ Այդտեղ արդեն միահյուսվում են անվտանգությունը, ենթակառուցվածքները, ներդրումները և աշխարհաքաղաքականությունը, սակայն Հայաստանը պետք է հստակ պահի սահմանը։ Չինաստանի հետ համագործակցությունը չի կարող փոխարինել եվրոպական և ամերիկյան ուղղություններին։ Դրա իմաստը ճիշտ հակառակն է՝ ավելացնել Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունները՝ առանց նոր կախվածություն ստեղծելու։
Հնդկաստանը կարող է լինել կարևոր պաշտպանական գործընկեր, Ֆրանսիան՝ եվրոպական ռազմական վերափոխման հենարան, Միացյալ Նահանգները՝ անվտանգության և ինստիտուցիոնալ զարգացման գործընկեր։ Չինաստանը կարող է դառնալ ևս մեկ ինքնուրույն ուղղություն այնտեղ, որտեղ հայկական և չինական շահերը համընկնում են։
Այդու Պապիկյանի Պեկին այցը շատ ավելի կարևոր է, քան հնարավոր պայմանագրերի ցանկը։
Հայաստանը պետք է անվտանգության իր համակարգը կառուցի այնպես, որ գործընկերները շատ լինեն, իսկ անփոխարինելի չլինի ոչ ոք։
Սա բազմավեկտորություն չէ, սա հենց ինքնիշխանության ենթակառուցվածքն է։
Կարդացել են
3 անգամ