Եվրամիությունը Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և աշխատուժի աղբյուր, ինչպես նաև սեփական ապրանքների և ծառայությունների իրացման շուկա, «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Իրենց «խնամարկյալների» մեջ եվրոպացիները տեսնում են միայն ռեսուրսների, աշխատուժի աղբյուր, ինչպես նաև ամբողջությամբ ապաարդյունաբերականացված շուկա՝ սեփական ապրանքների և ծառայությունների, այդ թվում՝ անվտանգության ապահովման ծառայությունների իրացման համար, որոնց դիմաց հարկ է թանկ վճարել՝ բառի բոլոր իմաստներով»,- ասել է նա։
Այսպես Գալուզինը մեկնաբանել է Հայաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ որպես հնարավոր ժամկետ նշել էր 2029 թվականը, սակայն սեպտեմբերի 7-ին Եվրահանձնաժողովից հայտարարել էին, որ կոնկրետ ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է։
Գալուզինը դա անվանել է «հրաշալի եվրոպական ապագայի» խոստումների «անցողիկության» և Հայաստանի նկատմամբ Բրյուսելի «ուտիլիտար վերաբերմունքի» վկայություն։
ՌԴ ԱԳ փոխնախարարը նաև անդրադարձել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի հնարավոր դուրսբերմանը։ Նրա խոսքով՝ Մոսկվան Երևանից նման դիմում չի ստացել։
«Հայկական կողմից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի դուրսբերման վերաբերյալ դիմումներ չենք ստացել։ Շարունակում ենք ելնել այն հանգամանքից, որ այն Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության կարևոր տարր է»,- հայտարարել է Գալուզինը։
Ռուսական ռազմակայանի ապագայի հարցը կրկին օրակարգ է վերադարձել սեպտեմբերի սկզբին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 2-ին հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է դուրս բերել զինվորականներին, եթե Երևանը նման խնդրանքով դիմի։ Հաջորդ օրը Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը չի առարկի, եթե Ռուսաստանն ինքնուրույն նման որոշում ընդունի։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում անցկացրել էին իրենց առաջին բանակցությունները ՀՀ խորհրդարանական ընտրություններից հետո։ Առաջնորդները տարաձայնություններ էին հայտնել Հայաստանի եվրաինտեգրման և Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Երևանի անդամակցության վերաբերյալ։ Բանակցություններից հետո Փաշինյանը հանդիպումը որակել էր «շատ լավ» և ասել, որ կողմերը համաձայնել են շարունակել անկեղծ և կառուցողական երկխոսությունը Մոսկվա կատարելիք իր առաջիկա այցի ընթացքում։
Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան Գյումրիում տեղակայված է 1995 թվականից։ 2011 թվականին Հայաստանում ռազմաբազայի տեղակայման ժամկետը երկարաձգվել է մինչև 2044 թվականը։
