Ի՞նչ հարցերում ԿԿՀ-ն այլևս չի կարողանա ուսումնասիրել ՄԻՊ-ի գործունեությունը

Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնցով առաջարկվում է հստակեցնել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախության երաշխիքները։

ԿԿՀ-ն չի քննի ՄԻՊ-ի որոշ գործողություններ

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի քննի Մարդու իրավունքների պաշտպանի կողմից վարքագծի կանոնների խախտման և շահերի բախման վերաբերյալ գործերը, եթե դրանք կապված են Պաշտպանի՝ իր լիազորությունների իրականացման շրջանակում կատարած արարքի հետ։

Այսինքն՝ խոսքը ոչ թե ՄԻՊ-ի նկատմամբ ԿԿՀ-ի ցանկացած իրավասության վերացման, այլ Պաշտպանի մանդատի շրջանակում իրականացված գործունեության նկատմամբ սահմանափակման մասին է։

Ինչո՞ւ է առաջարկվում նման փոփոխություն

Նախագծի հիմնավորման համաձայն՝ ՄԻՊ-ը Սահմանադրությամբ անկախ պաշտոնատար անձ է, և նրա անկախության կարևոր երաշխիքներից է այն, որ այլ պետական մարմինները չմիջամտեն Պաշտպանի կողմից քաղաքացիների դիմումների և բողոքների ուսումնասիրման գործընթացին։

Հիմնավորման մեջ նշվում է, որ գործող կարգավորումները ԿԿՀ-ին հնարավորություն են տալիս ուսումնասիրել այնպիսի հարցեր, որոնք կարող են առնչվել ՄԻՊ-ին հասցեագրված դիմումների քննությանը, այդ թվում՝ Պաշտպանից պարզաբանումներ պահանջել նրա կատարած գործողությունների վերաբերյալ։

Ի՞նչը կարող է հայտնվել ԿԿՀ-ի ուշադրության կենտրոնում

Գործող կարգավորումների պայմաններում ԿԿՀ-ն կարող է քննել վարքագծի կանոնների խախտման և շահերի բախման վերաբերյալ դիմումներ, պահանջել պաշտոնատար անձանցից գրավոր պարզաբանումներ, ինչպես նաև պետական և այլ մարմիններից ստանալ համապատասխան նյութեր ու տեղեկություններ։

Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ այդ լիազորությունների կիրառումը ՄԻՊ-ի մանդատի շրջանակում իրականացվող գործունեության նկատմամբ կարող է հակասել Պաշտպանի անկախության սահմանադրական երաշխիքներին։

ՄԻՊ-ը հատուկ պաշտպանված կարգավիճակ ունի

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված է, որ Պաշտպանը լիազորություններն իրականացնելիս անկախ է և առաջնորդվում է Սահմանադրությամբ, օրենքով և միջազգային պայմանագրերով։

Միաժամանակ, Պաշտպանը չի կարող հետապնդվել կամ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործունեության շրջանակում կատարած գործողությունների համար։ Օրենսդրությամբ սահմանված է նաև, որ պաշտոնավարման ընթացքում Պաշտպանը չի կարող հարցաքննվել կամ բացատրություն տալ իրեն հասցեագրված դիմումների ու բողոքների, դրանց ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում ձեռք բերված փաստաթղթերի կամ կայացրած որոշումների վերաբերյալ։

Ի՞նչ է փոխվելու

Նախագծով առաջարկվում է նաև փոփոխություն կատարել «Հանրային ծառայության մասին» օրենքում՝ նույն սկզբունքը ամրագրելով այդ օրենքում։

Բացի դրանից, ԿԿՀ-ին առաջարկվում է արգելել ՄԻՊ-ի՝ լիազորությունների իրականացմանը վերաբերող դեպքերում վարքագծի կանոնների վերաբերյալ խորհրդատվական պարզաբանումներ տրամադրել և շահերի բախման իրավիճակի լուծման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել։

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

Նախագծի ընդունման դեպքում, հեղինակների հիմնավորմամբ, ավելի հստակ կսահմանազատվեն ԿԿՀ-ի լիազորությունները և ՄԻՊ-ի անկախ գործունեության շրջանակը։

Նպատակն է կանխել այլ պետական մարմնի կողմից ՄԻՊ-ի՝ քաղաքացիների դիմումների քննության և իր սահմանադրական մանդատի իրականացման նկատմամբ միջամտության հնարավորությունը և Հայաստանի օրենսդրությունն ավելի համապատասխանեցնել մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախության միջազգային չափանիշներին։

Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի նախատեսվում։

Նախագծին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Leave a Comment