Փաշինյանն ուսումնասիրում է Սարգսյանների՝ նախկին իշխանությունների հետ աշխատելու շրջանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի, նրա եղբոր՝ Նաիրի Սարգսյանի և հոր՝ Զարեհ Սարգսյանի նախկին գործունեությունը, գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Թերթի տվյալներով՝ ուսումնասիրվող դրվագներից մեկը վերաբերում է Հայկ և Նաիրի Սարգսյանների՝ Սփյուռքի նախարարությունում աշխատելու ժամանակահատվածին, երբ նրանք նախարար Հրանուշ Հակոբյանի օգնականներն էին։ Պարբերականի աղբյուրների պնդմամբ՝ Սարգսյան եղբայրները ձևակերպված են եղել որպես աշխատակիցներ, սակայն աշխատանքի չեն հաճախել։ Թերթը դա կապել է նրանց հոր և Հակոբյանի մտերիմ հարաբերությունների հետ։

Պարբերականի աղբյուրները պնդել են նաև, որ Փաշինյանը Հայկ Սարգսյանի նկատմամբ հնարավոր քայլերով ցանկանում է ազդակ հղել իր քաղաքական թիմին և ապահովել թիմի հնազանդությունը։

Փաշինյանը Սարգսյանի հետ կուսակցության հարաբերությունների վատթարացումը կապել էր նրա գործունեության վերաբերյալ մի շարք պնդումների հետ։

Սարգսյանին, որը խաղային ոլորտի սահմանափակումների մասին օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել, չէին ներառել ԱԺ նախընտրական ցուցակում։ Սարգսյանն այդ հանգամանքը կապել էր իր և Սիմոնյանի տարաձայնությունների հետ, որոնցից մեկը վերաբերում էր օնլայն խաղերի սահմանափակման մասին օրենսդրական նախաձեռնությանը, որին Սիմոնյանը դեմ էր։ Նշենք, որ Սարգսյանը 2025 թվականի մարտին դիմել էր վարչապետին՝ պետական պահպանություն ստանալու համար, ինչը մամուլը կապել էր նույն նախաձեռնության հետ։

Leave a Comment