«Լեգիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը խոսել է վերականգնման ընթացքի մասին և նշել խաղադաշտ վերադառնալու մոտավոր ժամկետները։
Ֆուտբոլիստը հույս է հայտնել, որ արդեն հաջորդ շաբաթ կկարողանա վերադառնալ ընդհանուր խմբի մարզումներին։
«Ես հաստատ հավատում եմ, որ եթե ամեն ինչ կարգին լինի, հաջորդ շաբաթ կսկսեմ մարզվել թիմի հետ։ Եթե մարզումների ընթացքում ամեն ինչ լավ անցնի, հնարավոր է՝ կարողանամ մասնակցել «Յագելոնիայի» դեմ հանդիպմանը», — ասել է Բիչախչյանը CANAL+-ին տված հարցազրույցում։
Լեհաստանի առաջնության «Լեգիա» — «Յագելոնիա» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 20-ին։ Եթե հայ կիսապաշտպանը հասցնի վերականգնվել և խաղաժամանակ ստանա այդ հանդիպմանը, նա կարող է մասնակցել նաև Հայաստանի հավաքականի՝ Ազգերի լիգայի նոր խաղարկության մեկնարկային հանդիպումներին։
Հայաստանի ազգային հավաքականը մրցաշարը կսկսի սեպտեմբերի 25-ին՝ սեփական հարկի տակ Լատվիայի թիմի դեմ հանդիպմամբ։
Վերջին անգամ Բիչախչյանը խաղադաշտ է դուրս եկել օգոստոսի 2-ին։ Լեհաստանի առաջնության երկրորդ տուրի՝ «Զագլեմբեի» դեմ խաղում հայ ֆուտբոլիստը կատարել է գոլային փոխանցում։