
Ռուսաստանը Հայաստանից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանը դուրս բերելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել։ Այս մասին Известия-ին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
«Մենք շարունակում ենք ելնել այն դիրքորոշումից, որ այն Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության կարևոր տարր է»,- ասել է դիվանագետը։
Գալուզինի խոսքով՝ ռուսական ռազմական ներկայության թեման այժմ ակտիվորեն քննարկվում է Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում, սակայն Մոսկվան առայժմ դրան իրական այլընտրանքը չի տեսնում։
«Շատերը միանգամայն իրավացիորեն հարց են տալիս՝ իսկ ո՞րն է այլընտրանքը։ Այսօրվա դրությամբ, մեր կարծիքով, նման այլընտրանք չի նշմարվում։ Անկեղծ ասած, դժվար է պատկերացնել, օրինակ, ֆրանսիացի զինվորներին այդ դերում։ Թեկուզ միայն Ֆրանսիայի՝ Հայաստանից աշխարհագրական հեռավորության պատճառով»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել իր զինվորականներին Հայաստանից, եթե Երևանը նման խնդրանքով դիմի։ Ավելի ուշ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը չի առարկի, եթե համապատասխան որոշումը Մոսկվան ինքնուրույն ընդունի։