Թրամփը կոչ է արել մյուս երկրներին փոխհատուցել ԱՄՆ-ին Հորմուզի անվտանգության ծախսերի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտության կարգավորումից հետո մյուս երկրները պարտավոր կլինեն փոխհատուցել Վաշինգտոնին Հորմուզի նեղուցով նավթի տարանցման ապահովման և պահպանման ծախսերը։

«Նավթը հոսում է Հորմուզի նեղուցով։ Աշխարհի այն երկրները, որոնք ոչինչ չեն արել մեզ օգնելու համար, պետք է և կփոխհատուցեն Միացյալ Նահանգներին, երբ այս խարդախ սխեման ավարտվի։ Մենք սա շատ ավելի շատ անում ենք ուրիշների համար, քան մեզ համար, և դա արել ենք սերունդներ շարունակ», – գրել է Թրամփը Truth Social-ի էջում։

Թրամփը նախկինում բազմիցս կոչ է արել միջազգային հանրությանը կամ պաշտպանել սեփական առևտրային նավերը, կամ վճարել Վաշինգտոնին՝ ծովային երթուղիների ռազմական անվտանգությունն ապահովելու համար։

Leave a Comment