Ապահովագրավճարներից մինչև դեղերի գներ․ ինչ է փոխվելու առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում

Iravaban.net–ը  ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է մի շարք փոփոխություններ կատարել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կարգավորող օրենսդրությունում։ Նախատեսվում է հստակեցնել ապահովագրավճարների հաշվարկման, վճարման և գանձման կարգավորումները, կատարելագործել դեղերի հատուցման մեխանիզմները, ինչպես նաև ավելի ճկուն դարձնել դեղերի գների վերանայման գործընթացը։

Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Նախագծերի փաթեթի ներկայացումը պայմանավորված է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած բացերով, խնդիրներով, ինչպես նաև օրենսդրական առանձին կարգավորումների հստակեցման, գործնական կիրառելիության ապահովման և իրավական որոշակիության պատշաճ ապահովման պահանջով։

 Համակարգի ներդրման և գործարկման ընթացքում ձևավորվող իրավակիրառ պրակտիկան, ինչպես նաև առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի առանձին բաղադրիչների առավել ամբողջական և փոխկապակցված կարգավորման անհրաժեշտությունը առաջացնում են գործող օրենքի մի շարք դրույթների հստակեցման, լրացման և կատարելագործման անհրաժեշտություն։ Ըստ այդմ նախագծերի փաթեթով առաջարկվում են մի շարք փոփոխություններ և լրացումներ, որոնք ուղղված են՝

  • առողջության համընդհանուր ապահովագրության և բժշկական օգնության ու սպասարկման նվազագույն ծավալի և լրացուցիչ ծառայությունների շրջանակներում իրականացվող հարաբերությունների հստակ տարանջատմանը,
  • շահառուների շրջանակի, նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կարգավորումների ճշգրտմանը,
  • դեղերի հատուցման, գների պետական կարգավորման և հատուցման առավելագույն չափերի սահմանման վերաբերյալ դրույթների կատարելագործմանը,
  • ապահովագրավճարների հաշվարկման, վճարման, հաշվառման և պարտավորությունների դադարման ընթացակարգերի հստակեցմանը,
  • օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց, ինչպես նաև մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող անձանց վերաբերյալ կարգավորումների ճշգրտմանը․
  • առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրի գործառույթների և տվյալների մշակման իրավական հիմքերի ընդլայնմանն ու հստակեցմանը,
  • ապահովագրավճարների գծով պարտավորությունների գանձման, բողոքարկման և կատարումն ապահովող մեխանիզմների ներդրմանը,
  • Հիմնադրամի կառավարման համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը,
  • առկա խմբագրական, տեխնիկական և իրավական անճշտությունների վերացմանը.
  • Դեղերի գների՝ օրացուցային տարվա ընթացքում դեղի հենակետային գինը, հատուցման գինը և հատուցման առավելագույն չափը վերանայելու գործընթացն առավել ճկուն դարձնելու։

Կարգավորման առարկան, հիմնական ուղղությունները, ակնկալվող արդյունքը

Նախագծերի փաթեթով առաջարկվում է․

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներև կատարելու մասին» օրենքի նախագիծ

  • հստակեցնել օրենքի նպատակները՝ հաշվի առնելով, որ օրենքով կարգավորվում են նաև նվազագույն ծավալի և լրացուցիչ ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները․
  • իրավակիրառ պրակտիկայի հիման վրա  սահմանել բացառություններ՝ համընդհանուր ապահովագրության ոլորտը կարգավորող օրենսդրության կիրառման ոլորտների վրա  (դիվանագիտական ծառայություն, պահնորդական ծառայություն)․
  • վերանայել բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ծախսերի հատուցման շրջանակները՝ հիմք ընդունելով Առողջության համընդհանուր ապահովագրության կիրարկման փորձի ամփոփումները․
  • կարգավորել ապահովագրված անձանց կողմից որոշակի կարգավիճակ ձեռք բերելու  (մեղադրյալ, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվել) դեպքում ապահովագրավճարների վճարման հետ կապված չկարգավորված հարաբերությունները․
  • հստակեցնել գաղտնի և ոչ գաղտնի տեղեկությունների շրջանակը, ինչպե նաև ոչ գաղտնի տեղեկությունների մշակման սահմանները, ինչը պայմանավորված է ռեգիստրում առկա տվյալների մշակումը ամբողջովին անձնական տվյալների մասին օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ, կարգավորել գաղտնի տեղեկությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները․
  • հստակեցնել դեղերի գների պետական կարգավորման հետ կապված հարաբերությունները․
  • սահմանել ապահովագրված անձանց շահերի իրացման համար անհրաժեշտ լրացուցիչ գործիքները, այդ թվում՝ օրենքով սահմանված դեպքերում լիազորված անձի միջոցով դեղերի ստացման հնարավորությունը․
  • սահմանել Հիմնադրամի կողմից պարտավորեցման վարույթի իրականացման, Հիմնադրամի որոշումների բողոքարկման հետ կապված հարաբերությունները՝ ապահովելով ապահովագրավճարների պարտավորությունների կատարման առավել արդյունավետ մեխանիզմների ներդրումը․
  • հստակ կանոնակարգել Հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի զբաղեցման պահանջները․
  • բարձրացնել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի կառավարման և ֆինանսական կայունության մակարդակը․
  • ապահովել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի աստիճանական ներդրման և բնակչության նոր խմբերի ընդգրկման գործընթացի իրավական որոշակիությունը․

«Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ․

  • դյուրացնել դեղերի գների՝ օրացուցային տարվա ընթացքում դեղի հենակետային գինը, հատուցման գինը և հատուցման առավելագույն չափը, վերանայելու գործընթացը, այդ թվում և նվազեցման միտմամբ․

«Կատարողական վարույթի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ

    Առաջարկվում է  լրացնել օրենքի երկրորդ հոդվածով սահմանված հարկադիր կատարման ակտերի ցանկը՝ դրանում ներառելով նաև ԱՀԱ հիմնադրամի ակտերը, ինչը պայմանավորված ԱՀԱ համակարգի շահառուների մեծ թվով, մասնավորապես 2027 թվականին և հետագա տարիներին կանխատեսվում է ընդհանուր առմամբ  շուրջ;;;;;;;;;;;;; ապահովագրավճար ինքնուրույն վճարողների (բացառությամբ ՊԵԿ հսկողության ենթակա ապահովագրավճար ինքնուրույն վճարողներ) ներգրավում ԱՀԱ համակարգում (աշխատանքից ազատված վարձու աշխատողներ, որոնց համար չի ավարտվել ԱՀԱ համակարգում ապահովագրված անձի կարգավիճակի 12-ամսյա շրջափուլը, գյուղատնտեսական անհատական գործունեությամբ զբաղվողները, փոխկապկցված անձինք) ինչի պայմաններում կանխատեսվում են նշված խմբերի կողմից ապահովագրավճարների չվճարման մեծաթիվ դեպքեր, որոնց պարագայում դրամական պահանջների վճարման գործընթացը դատական ընթացակարգերով իրականացնելը  ԱՀԱ հիմնադրամի համար չափազանց ժամանակատար և ծախսատար կլինի, լրացուցիչ կծանրաբեռնի դատարաններին և չի ապահովվի ապահովագրավճարների չվճարված մասի ապահովման արդյունավետ գործընթացը, այդ մասով ռիսկային դարձնելով ԱՀԱ բյուջեն, միևնույն ժամանակ ԱՀԱ հիմնադրամի մարդկային ռեսուրսների ներկայիս պայմաններում հնարավոր չէ նման մեծաթիվ դատական գործերի արդյունավետ վարումը։ Հաշվի առնելով, որ ԱՀԱ ռեգիստրում ամփոփվում են ապահովագրավճար ինքնորույն վճարողների ամենամսյա վճարումների տվյալները և մարդկային սխալի հավանականությունը էականորեն նվազում է, ուստի առանց դատական ընթացակարգերի կիրառմամբ, ԱՀԱ հիմնադրամի կողմից վարութային գործընթացի ավարտից հետո սահմանված դեպքերում կատարողական վարույթի նախաձեռնումն առավել օպերատիվ և արդյունավետ ընթացակարգ կլինի չվճարված ապահովագրավճարների կատարումն ապահովելու համար։ Կարևոր է նշել, որ, այդուհանդերձ, ԱՀԱ համակարգում ապահովագրված անձի կարգավիճակի 12-ամսյա շրջափուլի ավարտը, այդ անձինք շարունակելու են ունենալ ապահովագրված անձի կարգավիճակ և օգտվել դրանից բխող բոլոր իրավունքներից։

Ըստ այդմ կարգավորման հիմնական ուղղություններն են՝

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներև կատարելու մասին» օրենքի նախագիծ

 

  • Նախագծով առաջարկվում է օրենքի 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ օրենքի կարգավորման առարկայում հստակ արտացոլելով ինչպես առողջության համընդհանուր ապահովագրության, այնպես էլ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի և լրացուցիչ ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները։
  • Օրենքի 2-րդ հոդվածում նախատեսվում է համապատասխան հասկացությունների հստակեցում, այդ թվում՝ ապահովագրության վկայագրի ձևի, օտարերկրացիների՝ օրենքով կամ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում համակարգում ընդգրկվելու հնարավորության և Ռեգիստրում կարգավիճակ ձեռք բերելու հետ կապված հարցերի մասով։
  • Օրենքի 3-րդ հոդվածում նախատեսվում է հստակեցնել այն անձանց շրջանակը, որոնց նկատմամբ օրենքը չի տարածվում, երբ նրանց առողջության պահպանման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են հատուկ օրենքներով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։
  • Օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածների փոփոխություններով կատարելագործվում են ապահովագրական փաթեթի և բժշկական օգնության ու սպասարկման նվազագույն ծավալի շրջանակում հատուցվող ծախսերի, ինչպես նաև դեղերի գների կարգավորման հետ կապված հարաբերությունները։ Միաժամանակ սահմանվում է, որ համապատասխան ծառայությունների ծախսերի դիմաց ապահովագրական հատուցման և համավճարների առավելագույն չափերը սահմանվում են Հոգաբարձուների խորհրդի կողմից՝ Կառավարության հաստատած մեթոդաբանության հիման վրա հաշվարկված ծառայության գնին կամ ծախսերի նորմատիվին համապատասխան։
  • Օրենքի 12-րդ, 14-րդ և 15-րդ հոդվածներում նախատեսվող փոփոխություններով հստակեցվում են ապահովագրված անձի կարգավիճակի դադարեցման և ապահովագրավճարի վճարման պարտավորությունների հետ կապված հարաբերությունները՝ հաշվի առնելով անձանց տարբեր կարգավիճակները և ապահովագրավճարի վճարման պարտավորության առաջացման ու դադարման հանգամանքները։
  • Առանձնակի կարգավորման են ենթարկվում այն դեպքերը, երբ ապահովագրավճարի գծով պարտավորություն ունեցող անձը չի կատարում օրենքով նախատեսված պարտավորությունը։ Նախատեսվում է Հիմնադրամի կողմից համապատասխան վարույթի նախաձեռնում, պարտավորության կամ դրա բացակայության վերաբերյալ տեղեկության ներկայացման հնարավորություն, պարտավորեցնող որոշման ընդունում և այդ որոշման բողոքարկման ընթացակարգ։
  • Նախագծով օրենքի 22-րդ հոդվածի նոր խմբագրությամբ հստակեցվում են ապահովագրական դեպքի կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի ու լրացուցիչ ծառայությունների համար հատուցումը նվազեցնելու կամ մերժելու հիմքերը։
  • Օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների փոփոխություններով հստակեցվում են Ռեգիստրում անձնական տվյալների մշակման իրավական հիմքերը, նպատակները և գաղտնի տեղեկությունների շրջանառության հետ կապված հարաբերությունները։
  • Հաշվի առնելով, որ օրենքով առկա է  2027 թվականից ԱՀԱ համակարգում բնակչության նոր խմբերի ներգրավման սահմանված պահանջ , հստակեցվում են այդ խմբերի մասով օրենքի անցումային դրույթները՝ սահմանելով ինչպես վարձու աշխատողների առանձին խմբերի համար ապահովագրավճարների սուբսիդավորման հետ, այնպես էլ դրանց վճարմանը վերաբեևրող այլ հարցեր։

«Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ․

  • Հանվում է դեղերի գների՝ օրացուցային տարվա ընթացքում դեղի հենակետային գինը, հատուցման գինը և հատուցման առավելագույն չափը, վերանայելու սահմանափակումը՝ թույլատրելով հատուցման չափերը, ըստ այդ համավճարի սահմանված չափերի նվազեցման հնարավորություն։
  • Կատարողական վարույթի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ

Առաջարկվում է  լրացնել օրենքի երկրորդ հոդվածով սահմանված հարկադիր կատարման ակտերի ցանկը՝ դրանցում ներառելով ԱՀԱ հիմնադրամի ակտերը։

3․ Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2026-2031թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի ներկայացումը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 2-ի 133-Լ որոշմամբ հաստատված հայեցակարգից, որի հավելված 1-ի 4.1 կետով նախատեսվում է առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանն ուղղված օրենսդրական փաթեթի մշակման պահանջը,  և ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի N 1236-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը, որի Գլուխ 3-ի 1-ին կետով որպես Կառավարության բարեփխման ուղղություն սահմանվում է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում  բնակչության բոլոր խմբերի ընդգրկումը։

Նախագծին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Leave a Comment