Ջանի Ինֆանտինոն նորից կառաջադրվի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ մտադիր է կրկին առաջադրվել կազմակերպության ղեկավարի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։

«Իհարկե, ես թեկնածու եմ լինելու հաջորդ տարվա մարտի 18-ին կայանալիք ընտրություններում։ Իմ կարգախոսը շատ պարզ է՝ «Ֆուտբոլը պատկանում է բոլորին՝ աշխարհի ցանկացած կետում»», – ասել է Ինֆանտինոն։

Նրա խոսքերով՝ ՖԻՖԱ-ի նպատակն է աշխարհի տարբեր երկրներում մարդկանց համար ստեղծել ֆուտբոլով զբաղվելու և զարգանալու ավելի լայն հնարավորություններ՝ միաժամանակ նվազեցնելով առաջատարների և մյուսների միջև առկա տարբերությունը։

Ավելի վաղ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոն հայտարարել էր, որ Ինֆանտինոյի նկատմամբ վստահությունը կորել է, և Ֆրանսիայում պատրաստվում են այլ թեկնածու փնտրել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունների համար։

Leave a Comment