Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ կձևավորվեն․ նախագիծը հավանության արժանացավ

Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 14-ին գումարել է արտահերթ նիստ։ Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահե Ղալումյանը։

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններն ու լրացումները։ Առաջարկվում է Լոռու մարզում Վանաձոր և Փամբակ համայնքների միավորմամբ ձևավորել նոր՝ Վանաձոր խոշորացված համայնք՝ 22 բնակավայրով, իսկ Արարատի մարզի Արարատ և Վեդի համայնքների միավորման արդյունքում նոր՝ Արարատ խոշորացված համայնք՝ 32 բնակավայրով։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում նախագծում կատարվել են տեխնիկական փոփոխություններ։ Չի ընդունվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության այն առաջարկը, որով կոչ է արվում ձեռնպահ մնալ Վանաձոր և Փամբակ համայնքների միավորման արդյունքում նոր խոշորացված համայնք ձևավորելուց։

Քննարկված նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը։

Leave a Comment