Մայր Աթոռը դատապարտել է Հիքմեթ Հաջիևի հայտարարությունները Գանձասարի և Դադիվանքի վերաբերյալ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարի և Դադիվանքի վանական համալիրներ կատարած այցի ընթացքում հայկական ժառանգությունը ժխտող և դրանք «աղվանական» ներկայացնող հայտարարությունները։

Մայր Աթոռի գնահատմամբ՝ պատմական իրողությունները քաղաքական նպատակահարմարությունից ելնելով խեղաթյուրելու փորձերը «բացահայտ կեղծարարություն են» և ոտնձգություն հայ ժողովրդի պատմական հիշողության ու հոգևոր ժառանգության նկատմամբ։ Ըստ հայտարարության՝ նման գործելակերպը Ադրբեջանի իշխանությունների վարած հայատյաց քաղաքականության դրսևորում է։

Մայր Աթոռը նշում է, որ Հաջիևի այցը հերթական քարոզչական նախաձեռնությունն է, որի նպատակն է մոլորեցնել միջազգային հանրությանը։ Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ, ըստ Մայր Աթոռի, պատմական կեղծիքների տարածմանը ներգրավվում են նաև Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

Մայր Աթոռը ակնկալում է, որ նրանք պատշաճ գնահատական կտան հայկական սրբավայրերի ինքնության խեղաթյուրմանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգություններին և հայատյաց քաղաքականությանը՝ միաժամանակ չնպաստելով հայկական պատմական ժառանգության յուրացման քաղաքականության արդարացմանը։

Հայտարարության մեջ նաև հիշեցվում է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բազմիցս բարձրաձայնել է Արցախի բռնի հայաթափումից հետո Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության մասին։ Ըստ Մայր Աթոռի՝ խոսքը պատմական հուշարձանների յուրացման, հայկական սրբավայրերի, խաչքարերի և գերեզմանոցների ոչնչացման, ինչպես նաև դրանց հայկական ինքնությունը փաստող վավերագրերի վերացման մասին է։ Մայր Աթոռը Հաջիևի վերջին հայտարարությունները դիտարկում է այդ քաղաքականության հերթական դրսևորում։

Մայր Աթոռը նաև ընդգծում է, որ Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոտնձգությունները պետք է արժանանան Հայաստանի իշխանությունների պատշաճ գնահատականին, ինչպես նաև դրանց կանխմանն ուղղված գործուն քայլերի։

Մայր Աթոռը կոչ է արել բարեկամ պետություններին, միջազգային և ազգային համապատասխան կառույցներին գործադրել անհրաժեշտ ջանքեր՝ կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը։

«Տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատումը պահանջում է հարգանք ժողովուրդների հավատքի, պատմական հիշողության և հիմնարար իրավունքների նկատմամբ։ Արցախի հոգևոր ժառանգության անխաթար պահպանությունը, այն կերտած Հայոց Եկեղեցու և ժողովրդի իրավունքների իրացումը միջազգային անօտարելի պարտավորություն է»,– ասված է Մայր Աթոռի հայտարարության մեջ։

Leave a Comment