Ե՞րբ կավարտվի «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ քաղաքապետարանը ժամկետ է նշել

Երևանի Դավիթ Անհաղթ և Կոմիտաս փողոցները միացնող «Լամբադա» կամրջի հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, իսկ կամրջի երթևեկելի հատվածը շահագործման հանձնել նոյեմբերի 1-ին։

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնել է Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը։

Նրա խոսքով՝ հիմնանորոգման շրջանակում նախատեսվում է փոխարինել եզրային թռիչքի վնասված սալերը, վերականգնել պահպանվող սալերի ստորին հատվածների պաշտպանիչ բետոնային շերտը, մոտեցումներում իրականացնել անցումային սալեր և նոր դեֆորմացիոն կարեր, ինչպես նաև տեղադրել նոր ջրամեկուսիչ շերտ և պաստառ։

Նախատեսվում է նաև վերանորոգել ռիգելները, հենարաններն ու հենապատերը, ամրացնել և ներկել բազրիքները, տեղադրել պաշտպանիչ ցանցեր և արտաքին լուսավորության մալուխատար ուղիներ, ինչպես նաև իրականացնել ճանապարհային նշանների տեղադրում և գծանշում։

«Լամբադա» կամրջի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերի 10-ին։

Leave a Comment