Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ այցելել է «Մատենադարան» Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ: Այս մասին հայտնում է Հայաստանի Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը (ԱԳՄԱՆ):
ԱԳՄԱՆ-ի փոխանցմամբ՝ «Մատենադարանում» Մագդալենա Գրոնոն ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին, դրանց պատմությանը, ինչպես նաև հին ձեռագրերի պահպանման և մշակման աշխատանքներին։
Այցի ընթացքում ընդգծվել է հայկական և համաշխարհային մշակութային ժառանգության, այդ թվում՝ հին ձեռագրերի պահպանման հարցում Հայաստանի կողմից ցուցաբերվող օրինակելի և միջազգայնորեն ճանաչված ներդրումը:
Այցի շրջանակում Վահան Կոստանյանը և Մագդալենա Գրոնոն նաև քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները:
Նրանք անդրադարձել են վերջին շրջանում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում կատարված գործողություններին և դրանց արդյունավետությանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման համատեքստում:
Նախօրեին Ադրբեջանի իշխանությունների կողմից Գանձասարը և Դադիվանքը «ալբանական» եկեղեցիներ հռչակելու ֆոնին Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, ամփոփելով Բաքու և Լեռնային Ղարաբաղ կատարած այցը, X-ում գրել էր, թե կողմերը դեռևս «խորապես տարբերվող տեսակետներ ու նարատիվներ ունեն որոշ վայրերի ծագման վերաբերյալ»:
Գրոնոն անվանապես չէր նշել, թե որ վայրերի ծագումը նկատի ունի, բայց շեշտել է, թե Երևանն ու Բաքուն այս հարցերը պետք է քննարկեն և հասցեագրեն՝ անցյալի հակամարտության այդ ասպեկտը ևս հաղթահարելու համար. – «Անցյալի հակամարտության չլուծված ժառանգության և բոլոր կողմերի կրած տառապանքների ընդունումն առանցքային նշանակություն կունենա հաշտեցման համար»:
Գրոնոն մի քանի տասնյակ օտարերկրյա դիվանագետների հետ սեպտեմբերի 11-12-ն այցելել էր Լեռնային Ղարաբաղ, որտեղ նրանց ուղեկցում էր Ադրբեջանի նախագահի օգնականը: Հիքմեթ Հաջիևը Գանձասար և Դադիվանք այցելությունների մասին տեսանյութ էր տարածել և հայտարարել, թե «Գյանջասարը» և «Խուդավենգը» «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են: