Փամբակը՝ Վանաձորի հետ, Վեդին՝ Արարատի. համայնքների խոշորացման մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է

Փամբակը՝ Վանաձորի հետ, Վեդին՝ Արարատի. համայնքների խոշորացման մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է
armtimes.com Կառավարությունն առաջարկում է Վանաձոր ու Փամբակ համայնքները միավորել ու դարձնել մեկ խոշորացված համայնք: Նախագիծը խորհրդարանում ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Առնակ Ավետիսյանը:


 


Այս փոփոխությունը դուր չի եկել հատկապես ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանին, որը նախկինում Վանաձորի համայնքապետն էր: Նրա պնդմամբ՝ իշխանությունը համայնքային ընտրություններից առաջ այս փոփոխությունն անում է քաղաքական նկատառումներով:


 


«Այդ խոշորացման տակ արդյունավետության, կառավարման ու ֆինանսների տեղաբաշխման որևէ չափանիշ, չափելի միավոր գոյություն չունի: Ի դեպ Փամբակը խոշորացել է, ու չգիտեմ՝ ինչ հաշվարկներ կան այդ համայնքի արդյունավետության տակ դրված: Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ այս կարուձևի պրոցեսը թարգեք ու ընդմիջման ժամանակ՝ մինչև քվեարկության դնելը, աներկբա պահանջում եմ Վանաձորի խոշորացման ծրագիրը հանեք»,- իշխող թիմին է դիմել պատգամավորը:


 


Փոխնախարար Ավետիսյանը, հակադարձելով Ասլանյանին, ասել է. «Ընդդիմադիր պատգամավորների ելույթների մեջ կարմիր թելով գնում է քաղաքական նպատակահարմարության հարցը, որը հանձնաժողովի նիստում էլ ենք մանրամասն քննարկել: Սպառիչ պատասխաններ տվել ենք, որ քաղաքական նպատակահարմարության դեպքում կգտնեիք համայնքների անուններ, բայց այս նախագծում Ձեր պատկերացրած քաղաքական նպատակահարմարությունը չկա: Քաղաքական նպատակահարմարությունը առավել կայացած ՏԻՄ համակարգ ունենալն է»:


 


Կառավարությունն առաջարկում է նաև միավորել Արարատ ու Վեդի համայնքները: Այս միավորման դեպքում կենտրոնը կդառնա Արարատը, ինչին դեմ էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գարիկ Սարգսյանը: Վեդդիի նախկին համայնքապետը պնդում էր, որ Վեդին դառնա կենտրոնը, որը չի ընդունվել:


 


Ըստ փոխնախարարի՝ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համայնքների միավորմամբ առավել արդյունավետ է դառնում տեղական ինքնակառավարումը:


 


Օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվել է:


 


 




Կարդացել են
1 անգամ

Leave a Comment