Կառավարությունը ուզում է միավորել Վանաձորն ու Փամբակը, Արարատն ու Վեդին

Կառավարությունն առաջարկում է Վանաձոր ու Փամբակ համայնքները միավորել դարձնել մեկ խոշորացված համայնք: Նախագիծը խորհրդարանում ներկայացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Առնակ Ավետիսյանը:

Այս փոփոխությունից զայրացած էր հատկապես ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը, որը նախկինում Վանաձորի համայնքապետն էր: Նրա պնդմամբ՝ իշխանությունը համայնքային ընտրություններից առաջ այս փոփոխությունն անում է քաղաքական նկատառումներով:

«Այդ խոշորացման տակ արդյունավետության, կառավարման ու ֆինանսների տեղաբաշխման որևէ չափանիշ, չափելի միավոր գոյություն չունի: Ի դեպ՝ Փամբակը խոշորացել է ու չգիտեմ ինչ հաշվարկներ կան այդ համայնքի արդյունավետության տակ դրված: Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ այս կարուձևի պրոցեսը թարգեք ու ընդմիջման ժամանակ, մինչև քվեարկության դնելը աներկբա պահանջում եմ Վանաձորի խոշորացման ծրագիրը հանեք», – իշող թիմին դիմեց ընդդիմադիր պատգամավորը:

Մամիկոն Ասլանյանը 2021-ին հաղթել էր իշխող ՔՊ-ին, ընտրվել Վանաձորի համայնքապետ ու դրանից անմիջապես հետո նրան կալանավորեցին կոռուպցիոն մեղադրանքով: Վանաձորի նախկին համայնքապետը շեշտեց, որ այս նախագիծն առաջարկող կառավարող թիմը Վանաձորում 2021-ին տապալել է սահմանադրական կարգը:

«2021 թվականին տարբեր պատրվակներով Վանաձորը տարաք խոշորացման և կրճատեցիք համայնքի ավագանու ու ղեկավարի լիազորութունները, որ ունենաք համայնքի ժամանակավոր պաշտոնակատար ու կարողանաք, ըստ ձեզ, վարչական լծակները օգտագործեք ձեզ համար», – ասաց նա:

Կառավարությունն առաջարկում է նաև միավորել Արարատ ու Վեդի համայնքները: Այս միավորման դեպքում կենտրոնը կդառնա Արարատը, ինչին դեմ էր իշխանական պատգամավոր Գարիկ Սարգսյանը: Վեդդիի նախկին համայնքապետը պնդում էր, որ Վեդին դառնա կենտրոնը, որը չընդունվեց:

Ըստ փոխնախարարի՝ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համայնքների միավորմամբ՝ առավել արդյունավետ է դառնում տեղական ինքնակառավարումը:

Leave a Comment