Այն, ինչ անում է Հիքմեթ Հաջիևը՝ ի տես եվրոպացի դիվանագետների, սովորական աճպարարություն է, սուտ ու կեղծիք. Համլետ Պետրոսյան

Արժանապատվություն ունեցող հայերը վրդովված են Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարում իրականացրած «գաստրոլներից»։ Ալիևի օգնականն իրեն թույլ է տվել օտարերկրյա դիվանագետների առաջ ծաղրել հայերին՝ իբր մենք անցյալի պատմություն չունենք, Գանձասարում ոչ մի հայկական մատյան չկա. ցույց է տվել դատարկ էջերով գիրք՝ որպես հայկական մատյան ու ծիծաղել։

Հայտնի տեսանյութի հրապարակումից հետո 2 օր է անցել. Հայաստանի ղեկավար շրջանակներից, Հայաստանի ու հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը ներկայացնող թանգարաններից, այդ թվում՝ Մատենադարանից, ոչ մի արձագանք չկա մեզ նվաստացնող, մեր պատմությունն ու մշակույթը խեղաթյուրված ներկայացնող «խաղաղասեր» հարևաններին։

Իրենց վրդովմունքն են հայտնում ու փաստեր ներկայացնում միայն առանձին գիտնականներ, գործիչներ, պատմաբաններ։

Հնագետ, օկուպացված Ակնայում հայկական Տիգրանակերտը պեղած Համլետ Պետրոսյանը գրել է.

Դադիվանքում և Գանձասարի վանքում չկա որևէ «աղվանական», ոչ հայկական և ոչ մի կոմպոնենտ` սկսած շենքերի ճարտարապետական լուծումից մինչև քանդակը, խաչքարերն ու որմնանկարները: Դադիվանքում և Գանձասարի վանքում 12-17-րդ դարերին վերաբերող ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի, չկա այլալեզու որևէ տառ անգամ: Խաչենի իշխան Հասան Ջալալ Դոլան ՝ Գանձասարի Հովհաննես Մկրտիչ եկեղեցու կառուցողը և նրա հետնորդները, ինչպես Արցախի ողջ բնկաչությունը, հայ էին: Նրանք խոսում և գրում էին հայերեն և միայն հայերեն: Այն, ինչ անում է Հիքմեթ Հաջիևը՝ ի տես եվրոպացի դիվանագետների, սովորական աճպարարություն է, սուտ ու կեղծիք: Այն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հերթական դրսևորումն է, մշակութային ժառանգությունն այն ստեղծողներից և նրանց սերունդներից ուժով ու խորամանկությամբ խլելու ակտ։

«…մեծ իշխանն Խաչենոյ կողմանցն Արցախոյ Հասան, զոր Ջալալ կոչէին փաղաքշական անուամբ, այր աստուածապաշտ և երկիւղած, պարկեշտ, և հայ ազգաւ», Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, 13-րդ դարի 60-ական թվականներ:

Նկարներում՝ Հասան Ջալալը Գանձասարի Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթի քանդակում՝ եկեղեցու մակետով:

Leave a Comment