«ՀԷՑ»-ի լիցենզավորման կարգը փոխվում է․ ինչ փաստաթուղթ այլևս չի պահանջվի

Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրամարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից մշակված՝ 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիխը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայի տրամադրման գործընթացում ներկայացվող փաստաթղթերի ցանկում։

Նախագծի հիմնական փոփոխությունն այն է, որ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ստանալու դեպքում այլևս չի նախատեսվում ներկայացնել լիցենզավորված գործունեության համար անհրաժեշտ գույքի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթերը։ Դրանց փոխարեն պետք է ներկայացվի բաշխման գործունեության համար անհրաժեշտ հիմնական միջոցների ցանկը՝ ըստ գույքային համարների։

Ինչո՞ւ է անհրաժեշտ փոփոխությունը

Էլեկտրաէներգիայի բաշխման համակարգը ներառում է մեծածավալ և բազմատեսակ գույք՝ հազարավոր կիլոմետրերի էլեկտրական գծեր և մալուխներ, շուրջ 10 հազար ենթակայաններ, բաշխիչ կետեր, հաշվառման համալիրներ, էներգատեղակայանքներ և այլ հիմնական միջոցներ։

Այս գույքը ամբողջությամբ հաշվառվում է ընկերության հաշվապահական հաշվեկշռում և նույնականացվում է գույքային համարներով։

Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ այս պայմաններում միայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթերի ներկայացումը ամբողջական պատկեր չի տալիս այն գույքի մասին, որն իրականում անհրաժեշտ է էլեկտրաէներգիայի բաշխման գործունեությունն իրականացնելու համար։

Փոփոխությունը կապվում է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» լիցենզիայի դադարեցման հետ

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 17-ի N377-Ա որոշմամբ դադարեցվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման N0092 լիցենզիայի գործողությունը։

Միաժամանակ՝ «Էներգետիկայի մասին» օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ գույքի օտարումը սահմանված եռամսյա ժամկետում չի իրականացվել։

Այս իրավիճակում, ըստ նախագծի հիմնավորման, առաջանում է ընկերության բաժնետոմսերը, գույքը կամ լիցենզավորված գործունեությունն ապահովող գույքային համալիրը Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան օտարելու, ապա էլեկտրական էներգիայի բաշխման նոր լիցենզիայի հայտ ներկայացնելու անհրաժեշտություն։

Ի՞նչ փաստաթուղթ է առաջարկվում ներկայացնել

Գործող կարգավորմամբ լիցենզիայի հայտին կից պետք է ներկայացվեն լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթեր։

Նախագծով առաջարկվում է բացառություն սահմանել էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայի հայտերի համար։

Այս դեպքում անհրաժեշտ կլինի ներկայացնել ոչ թե այդ գույքի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթերի ամբողջ փաթեթը, այլ՝

լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ հիմնական միջոցների ցանկը՝ ըստ գույքային համարների։

Այսինքն՝ կարգավորող մարմինը լիցենզավորման գործընթացում ի սկզբանե պետք է ստանա բաշխման համակարգի հիմնական միջոցների ամբողջական ցանկը և այդ տեղեկատվության հիման վրա գնահատի գործունեության իրականացման հնարավորությունը։

Ի՞նչ խնդիր է փորձում լուծել նախագիծը

Նախագծի հեղինակների հիմնավորմամբ՝ նոր մոտեցումը թույլ կտա ավելի հստակ պատկերացում կազմել բաշխողի ամբողջ գույքի վերաբերյալ և գնահատել՝ արդյոք տվյալ գույքային կազմը բավարար է էլեկտրաէներգիայի բաշխման գործունեությունն իրականացնելու համար։

Միաժամանակ նախատեսվում է նվազեցնել այն հնարավոր խոչընդոտները, որոնք կարող են առաջանալ լիցենզավորման գործընթացում, և գործընթացն իրականացնել ավելի սեղմ ժամկետներում։

Ո՞ր լիցենզիաների դեպքում է բացառությունը նախատեսվում

Փոփոխությունը վերաբերում է հենց էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայի հայտին։

Նախագծում առանձին նշվում է, որ գույքի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթերի ներկայացման գործող պահանջից բացառություն չեն նախատեսվում էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի, մատակարարման և երաշխավորված մատակարարման լիցենզիաների հայտերի համար։

Ե՞րբ կուժի նոր կարգավորումը

Նախագծով նախատեսվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Այսպիսով, առաջարկվող փոփոխության առանցքում ոչ թե էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայի պահանջների վերացումն է, այլ լիցենզավորման ընթացքում անհրաժեշտ գույքի վերաբերյալ տեղեկատվության ներկայացման ձևի փոփոխությունը․ գույքի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթերի փոխարեն բաշխման լիցենզիայի դեպքում նախատեսվում է ներկայացնել հիմնական միջոցների ցանկը՝ ըստ գույքային համարների։

Նախագծին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Leave a Comment