
2025 թվականին ամբողջ աշխարհում նախադպրոցականից մինչև ավագ դպրոցի տարիքի ավելի քան 171 միլիոն աշակերտի՝ յուրաքանչյուր տասներորդի կրթությունն ընդհատվել է կլիմայական վտանգների հետևանքով, նշված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր վերլուծության մեջ։
Վերլուծությունն ամփոփում է 106 երկրների կամ տարածքների տվյալները և ցույց տալիս, որ կլիմայական վտանգները, այդ թվում՝ փոթորիկները, ջրհեղեղները, ջերմային ալիքները, երաշտներն ու անտառային հրդեհները, հանգեցրել են կրթական գործընթացի ընդհատման, դպրոցների վնասման, հեռավար ուսուցման անցման, ուսումնական ժամանակի կրճատման, դպրոց հաճախելիության նվազման և ամբողջ աշխարհում միլիոնավոր աշակերտների՝ դպրոցից դուրս մնալու ռիսկի մեծացման։
«Միլիոնավոր երեխաների համար կլիմայական վտանգները ոչ միայն ընդհատում են կրթական գործընթացը, այլև ավերում դպրոցները, ստիպում ընտանիքներին լքել իրենց բնակավայրերը: Արդյունքում՝ առավել խոցելի երեխաները, հատկապես՝ աղջիկները, կարող են ընդմիշտ դուրս մնալ կրթական գործընթացից»,- ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հունիսին հրապարակած «Երեխաների կլիմայական ռիսկերի զեկույցում՝ Children’s Climate Risk Report 2026-ում, նշված էր, որ Հայաստանում ավելի քան 580,000 երեխա ենթարկվում է կլիմայական առնվազն երկու, իսկ շուրջ 30,000 երեխա՝ առնվազն երեք վտանգի ազդեցության։
Տես նաեւ՝ Հայաստանում 668 հազար երեխա ենթարկվում է օդի աղտոտվածության ազդեցությանը. ՅՈՒՆԻՍԵՖ