Կիրակի օրը ռուսական զինուժը անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Լեհաստանի հետ Ուկրաինայի սահմանի մոտակայքում գտնվող մի շարք օբյեկտների: Ի թիվս այլնի՝ տուժել է Կիև-Վարշավա գնացքի շոգեքարշը: Հարվածից կարճ ժամանակ առաջ այդ կայարանով անցել էր օտարերկրյա քաղաքական գործիչների և պաշտոնյաների տեղափոխող գնացքը:
Բացի շոգեքարշից, «Յագոդին» անցակետի մոտակայքում վնասվել է նաև ավտոգազալիցքավորման կայան:
«Հարված է հասցվել Կիև-Վարշավա գնացքի շոգեքարշին՝ սահմանից երկու կիլոմետր հեռավորության վրա»,- BBC-ի ուկրաինական ծառայությանը հայտնել է «Ուկրզալիզնիցյա» ընկերության աղբյուրը:
Երկաթուղային ենթակառուցվածքը չի տուժել, և ԱԹՍ-ների հարձակումը չի ազդի այդ ուղղությամբ գնացքների շարժի վրա:
Գերմանական Der Spiegel պարբերականը հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի անվտանգության հարցերով խորհրդական Գյունտեր Զաուտերը, ինչպես նաև մի շարք եվրոպացի դիվանագետներ էվակուացվել են լեհ-ուկրաինական սահմանի մոտ գտնվող գնացքից և ականատես են դարձել երկաթուղու վրա դրոնների հարձակմանը:
Նրանք վերադառնում էին Կիևից, որտեղ մասնակցում էին ամենամյա YES (Yalta European Strategy — «Յալթայի եվրոպական ռազմավարություն») ֆորումին:
