Վրաստան չվերթներ իրականացնող իրանական ավիաընկերությունները կարող են սահմանափակումների բախվել ԱՄՆ պատժամիջոցների ընդլայնումից հետո, հայտնել է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը։
ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը (OFAC) պատժամիջոցներ է սահմանել 27 ավիաընկերության նկատմամբ՝ Իրանի իշխանություններին մեղադրելով ավիացիոն ոլորտը զենք և անօրինական բեռներ տեղափոխելու համար օգտագործելու մեջ։
Վրացական կարգավորիչի տվյալներով՝ պատժամիջոցների ցանկում ընդգրկված հինգ ավիաընկերություն չվերթներ է իրականացնում դեպի Վրաստան։ Քաղաքացիական ավիացիայի գործակալությունում հայտարարել են, որ գործելու են միջազգային պատժամիջոցների ռեժիմին համապատասխան։
Իրանի և Վրաստանի միջև չվերթներ իրականացնող ավիափոխադրողների թվում են Qeshm Air-ը, Varesh Airlines-ը, Sepehran Airlines-ը, Fly Kish Airlines-ը և Iran Aseman Airlines-ը։
Սահմանափակումները կարող են լրացուցիչ կրճատել Իրանից զբոսաշրջային հոսքը։ 2026 թվականի առաջին կիսամյակում իրանցի զբոսաշրջիկների՝ Վրաստան այցելությունների թիվը տարեկան կտրվածքով նվազել է 49%-ով՝ հասնելով 29 397-ի։
Այս տարի իրանցի զբոսաշրջիկներից Վրաստանի եկամուտը կազմել է 19,9 մլն դոլար՝ 65%-ով պակաս 2025 թվականի ցուցանիշից։ Այդ ժամանակ Իրանից զբոսաշրջիկների հաշվին ստացված եկամուտը գերազանցել էր 124 մլն դոլարը։
