Ինքնաթիռում բժիշկները ծննդաբերություն են ընդունել

Ռուսաստանի Յամալո-Նենեցյան ինքնավար օկրուգի Նովի Ուրենգոյ քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռի սրահում բժիշկները հաջողությամբ ծննդաբերություն են ընդունել։

30-ամյա հղի կինը արձակուրդից տուն էր վերադառնում Կրասնոյարսկ-Նովի Ուրենգոյ չվերթով։ Թռիչքի ժամանակ՝ երկնքում, նրա մոտ սկսվել են երկունքի ցավերը։ Առաջին օգնությունը ցուցաբերել են հերթապահ բորտուղեկցորդները, իսկ օդանավի անձնակազմն անմիջապես տեղեկացրել է Նովի Ուրենգոյի օդանավակայանին։

Ինքնաթիռի վայրէջք կատարելու պահին ներքևում արդեն սպասում էին բժիշկները։ Զննումից հետո բժշկական թիմը հասկացել է, որ կնոջը հիվանդանոց հասցնելու ժամանակ չկա, և որոշել են ծնունդն ընդունել հենց օդանավի սրահում։ Ծննդաբերությունն անցել է բարեհաջող։ Լույս աշխարհ է եկել տղա երեխա՝ 51 սմ հասակով և 2980 գրամ քաշով։ Սա կնոջ երրորդ երեխան է։

Մայրն ու նորածինն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։

Leave a Comment