Երբ բառերն անհետանում են, մարմինը շարունակում է հիշել. սեպտեմբերը՝ Ալցհայմերի իրազեկման ամիս«Երկրորդ շնչառություն»

Մեկ շաբաթ շարունակ Երևանում և մարզերում հանրության ուշադրության կենտրոնում կլինեն Ալցհայմերի հիվանդությունը, դրա կանխարգելման և բուժման առաջադեմ մեթոդները։ «Թեատրոն» արվեստի փառատոնն իր այս տարվա ծրագրի սոցիալական բաղադրիչի շրջանակում նույնպես անդրադարձ է կատարելու թեմային:
Սեպտեմբերի 15-ին Գավառի մշակույթի կենտրոնում և սեպտեմբերի 17-ին Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում ավագ սերնդի ներկայացուցիչները կարող են վայելել «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը: Այն հիշողության, ընտանեկան կապերի և սերունդներին միավորող փխրուն, բայց հզոր թելերի մասին է։

Ներկայացումը ծերացման և Ալցհայմերի հիվանդության թեմաներին անդրադառնում է նրբորեն և լուսավոր հայացքով՝ հիշեցնելով, որ նույնիսկ երբ բառերն անհետանում են, մարմինը շարունակում է հիշել, հաղորդակցվել և սիրել։ Սոցիալական ծրագրի շրջանակում «Amalia Salle» պարախումբն ավագ սերնդի ներկայացուցիչների համար անցկացնելու է պարի և շարժման հատուկ վարպետության դաս։

Իրազեկման շաբաթվա վերջին կարևոր միջոցառումը «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության նախաձեռնած կոնֆերանսն է, որ կրում է «Դեմենցիա ունեցող անձանց խնամքի զարգացումը Հայաստանում» խորագիրը: «Կոնֆերանսը նախատեսված է ոչ միայն ուսանողների և բժիշկների համար, այլ նաև երիտասարդ մասնագետների, բուժքույրերի, հոգեբանների, խնամողների և ընտանիքի անդամների համար»,- բացատրում է «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության կրթական ծրագրերի ղեկավար Արփի Ասմինյանը:

Ալցհայմերի շաբաթը Հայաստանում անցկացվում է ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության համագործակցությամբ:

«Ինչքան կարևոր է հիվանդություն ունեցողը, այնքան էլ նրա ընտանիքը, հարազատները, որ նույնպես ունեն հոգածության ու խորհրդի կարիք: Մեզ համար շատ կարևոր է հանրության զգայունության բարձրացումը և իրազեկում»,- ասում է «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնի համահիմնադիր Սաթե Խաչատրյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր գործընկեր կազմակերպություններին և փառատոնի մասնակից ավագ սերնդի ներկայացուցիչներին:

Leave a Comment