ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների 25-րդ տարելիցին Հռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել աղոթել խաղաղության համար և հիշատակեց ողբերգության զոհերին։
«Երկու օր առաջ լրացավ Միացյալ Նահանգներում սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների 25-րդ տարելիցը։ Ես կրկին աղոթում եմ նրանց համար, ովքեր կորցրին իրենց կյանքը, և նրանց համար, ովքեր շարունակում են կրել այդ ողբերգական օրվա վերքերը։ Մինչ հակամարտություններն ու բռնությունը ազդում են մեր բազմաթիվ եղբայրների ու քույրերի վրա, ես հորդորում եմ բոլորին աղոթել, որպեսզի Տերը երկրին պարգևի խաղաղություն», — ասել է նա Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում իր ավանդական կիրակնօրյա ուղերձի ավարտին։
«25 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձության հիշատակը մղում է մեզ վերահաստատելու խաղաղության հանդեպ մեր հանձնառությունը՝ առաջին հերթին աղոթքի միջոցով, որը վստահում ենք Սուրբ Կույս Մարիամի բարեխոսությանը»,- հավելեց նա։
2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ-Քաիդա» խմբավորման գրոհայինները առևանգեցին չորս ուղևորատար ինքնաթիռ՝ դրանք ուղղելով դեպի Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակներն ու Պենտագոն։ Հարձակումների հետևանքով զոհվեց ընդհանուր առմամբ 2977 մարդ՝ 2753-ը՝ Նյու Յորքում, 184-ը՝ Պենտագոնում և 40-ը՝ 93-րդ չվերթի ինքնաթիռում։