Խաչվերացի տոնը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում — Հայաստանի Հանրային Ռադիո

Սրբազան Հայրն, անդրադառնալով օրվա խորհրդին, նշեց, որ Խաչվերացը տխրության, սգի, տրտմության ու չարչարանքի գիտակցության օր չէ, այլ խաչի հաղթության ու բարձրացման:

Խոսելով Խաչվերացի տոնի պատմական իրադարձությունների մասին՝ Միքայել արքեպիսկոպոսն ընդգծեց, որ ինչպես մեր եկեղեցական ցանկացած տոն, Խաչվերացը ևս ասելիք ունի այսօրվա մարդուն։ Այն մեզ համար սոսկ պատմական իրադարձություն չէ, այլ այսօր տեղի ունեցող կենդանի իրողություն, որը միտված է փոխակերպելու մեզ, որպեսզի մենք նմանվենք մեր երկնավոր Հորը։

«Խաչվերացը պատգամ ունի՝ փարվելու խաչին ու Խաչյալի խորհրդին և դրանով վաստակելու հարություն ոչ միայն անհատական, այլև հավաքական ու հայրենական կյանքում: Խաչը պետք է հաղթական լինի մեր երկրի բոլոր անկյուններում, և երբեք թույլ չպիտի տանք, որ խաչի նշանն անարգվի», — հավելեց Պատարագիչ սրբազանը։

Քարոզի վերջում, վերըստին դիմելով ներկաներին, Սրբազան Հայրը պատգամեց՝ Քրիստոսի Կենարար խաչն ունենալ սրտերում, մտքերում և հոգիներում՝ իբրև կենարար մի աղբյուր, որը կյանք է տվել դարեր շարունակ, կյանք է տալիս այսօր և տալու է վաղը, որովհետև Խաչյալին մահ չկա, և խաչին փարվածին սպասվում է հարություն ու հաղթանակ:

Leave a Comment