Սեպտեմբերի 13-ին Հայաստանում նշվում է Բնության հատուկ պահպանվող տարածքների օրը:
Բնության հատուկ պահպանվող տարածքների օրվան ընդառաջ Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ «Ջրվեժ» անտառպարկում անցկացվել է էկոկրթական միջոցառում՝ «Բնության պահպանվող տարածքները՝ կենսաբազմազանության պահպանման կարևոր օջախներ» խորագրով։
Միջոցառմանը մասնակցել են Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 2, Ջրվեժի և Ողջաբերդի միջնակարգ դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները։
Միջոցառման նպատակն էր դպրոցականներին ներկայացնել բնության հատուկ պահպանվող տարածքների նշանակությունն ու դերը կենսաբազմազանության պահպանության գործում, ծանոթացնել «Ջրվեժ» անտառպարկի բուսական և կենդանական աշխարհին, ինչպես նաև ձևավորել բնության նկատմամբ հոգատար և պատասխանատու վարքագիծ։
Միջոցառման ընթացքում կարևոր տեղ է հատկացվել անտառպարկի կենդանական աշխարհին՝ ֆաունային, որը ներկայացրել է բնագետ Տիգրան Մանուկյանը։ Անմիջական դիտարկումների ընթացքում աշակերտները ծանոթացել են տարածքում հանդիպող կենդանատեսակներին և դրանց կենսագործունեությանը, մասնավորապես՝
✅ անտառպարկի կենդանական բազմազանությանը, այդ թվում՝ հաճախ աննկատ մնացող կենդանատեսակներին,
✅ տարածքում հանդիպող թռչնատեսակներին և դրանց տեսակների ճանաչման առանձնահատկություններին,
✅ միջատների տեսակային բազմազանությանը և էկոհամակարգում նրանց նշանակությանը,
✅ անտառպարկում հանդիպող սողուններին և երկկենցաղներին, նրանց կենսամիջավայրին, կենսակերպին և էկոհամակարգում ունեցած դերին,
✅ բուսական և կենդանական աշխարհների փոխկապակցվածությանը, դրանց փոխադարձ ազդեցությանը և կենսաբազմազանության ու բնական էկոհամակարգերի կայունության պահպանման գործում ունեցած նշանակությանը։
Միջոցառումն ուղեկցվել է ինտերակտիվ խաղերով, ճանաչողական և կրթական տարաբնույթ ակտիվություններով, որոնք նպաստել են աշակերտների ձեռք բերած գիտելիքների ամրապնդմանը՝ դրանք կիրառելով գործնական ձևաչափով։
Շրջակա միջավայրի նախարարության կողմից աշակերտներին տրամադրվել են նաև բնապահպանական թեմատիկայով ինտերակտիվ խաղեր, որոնց նպատակն էր ընդլայնել երեխաների բնապահպանական գիտելիքները, զարգացնել բնության և կենսաբազմազանության նկատմամբ հետաքրքրությունն ու հոգատար վերաբերմունքը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության կարևոր գաղափարները ներկայացնել առավել մատչելի, հետաքրքիր և ներգրավող ձևաչափով։
«Ջրվեժ» անտառպարկը ոչ միայն հանգստի և բնության հետ անմիջական շփման վայր է, այլև կենսաբազմազանության պահպանության տեսանկյունից կարևոր բնական միջավայր։ Այստեղ առկա յուրաքանչյուր ծառ, թուփ, խոտաբույս, թռչուն, միջատ և այլ կենդանի օրգանիզմ էկոհամակարգի բաղադրիչ է և իր կարևոր դերակատարումն ունի դրա բնական հավասարակշռության ու կայունության պահպանման գործում։
Նման ճանաչողական-կրթական նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունեն հատկապես երիտասարդ սերնդի շրջանում բնապահպանական գիտակցության և էկոլոգիական մշակույթի ձևավորման ու զարգացման գործում։ Դրանք նպաստում են բնության նկատմամբ պատասխանատու և հոգատար վերաբերմունքի ձևավորմանը, կենսաբազմազանության արժեքի գիտակցմանը և շրջակա միջավայրի պահպանության գործում յուրաքանչյուրի պատասխանատվության ընդգծմանը։