Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն իր տելեգրամյան ալիքում գրել է.
«Այսօր լրանում է ջերմուկյան մարտերի կամ «երկօրյա պատերազմի» չորրորդ տարելիցը։ Հայաստանը կորցրեց 200–ից ավելի կյանքեր եւ կորցրեց տարածքներ։ Այդ պատերազմը դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպուլյացիայի «անկյունաքարերից» մեկը։
Իշխանությունը, որ 2022 թվականին հայտարարում էր, թե դա հարձակում է Հայաստանի վրա, այսօր հայտարարում է, թե տարածքների հարցը կլուծվի սահմանազատման ու սահմանագծման գործընթացով։ Իսկ Ադրբեջանը որեւէ անգամ չի հաստատել դա, եւ ավելին՝ Ալիեւը դեռեւս այն ժմանակ հայտարարել է, որ դուրս չեն գալու զբաղեցրած տարածքներից, որ դրանք իրենցն են։ Որեւէ այլ հայտարարություն՝ Բաքուն չի արել այդ թեմայով։
Իսկ Երեւանը թեմայի վրա կառուցել է քարոզչական արշավ, որը իրականացնում է առ այսօր, առաջ բերելով մի շարք մանիպուլյատիվ «թեզեր», ու առ այսօր չպատասխանելով գլխավոր մի հարցի՝ եթե իրապես համարել են, որ դա հարձակում է Հայաստանի տարածքի վրա, ինչո՞ւ այդ օրը եւ կամ հաջորդ օրը, չի հայտարարվել ռազմական դրություն։ Այդ քայլը պետք է կատարվի ըստ Սահմանադրության, եթե լինի հարձակում կամ նույնիսկ հարձակման սպառնալիք։ Երեւանը գնահատել է դա հարձակում, բայց փաստորեն միայն բանավոր, որովհետեւ չի իրականացվել Մայր Օրենքով սահմանված կարգը։ Այս հարցը, ըս իս, առանցքային հարցն է ջերմուկյան դեպքերը հասկանալու համար։ Ու այդ առանցքային հարցը չունի պատասխան»։