Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ Մայամիում G20-ի գագաթնաժողովին. Կրեմլը մերժում է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Deutsche Welle-ին տված հարցազրույցում պատրաստակամություն է հայտնել խաղաղության բանակցությունների նպատակով հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դեկտեմբերի 14-15-ը Մայամիում անցկացվելիք Մեծ քսանյակի գագաթնաժողովի (G20) շրջանակում:

«Այո, անշուշտ», – հանդիպման վերաբերյալ հարցին արձագանքել է Զելենսկին, – «Հարկ է, որ մենք գանք: Հարկ է, որ հանդիպենք, խոսենք և որոշումներ կայացնենք: Խոսքը բառերին չի վերաբերում: Ինչ եմ ես նրան ասելու, կամ ինչ է նա ցանկանում ասել, կարևոր չէ: Կարևոր են արդյունքները»:

Կրեմլն անմիջապես մերժել է Զելենսկու առաջարկը:

«Դա անհնար է», – France-Presse լրատվական գործակալությանն ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը՝ կրկնելով Կրեմլի պահանջը, թե նման դեմ առ դեմ հանդիպում կարող է կայանալ միայն Մոսկվայում:

«Պատրաստակամություն կա նրա հետ հանդիպել Մոսկվայում», – հայտարարել է Դմիտրի Պեսկովը:

Զելենսկին մերժում է Մոսկվայում հանդիպման հնարավորությունը իր երկիր ռուսական ուժերի ներխուժման պայմաններում:

«Կարող է ինքը [Պուտինը] գալ Կիև», – մասնավորապես ասել էր Ուկրաինայի նախագահը ABC News-ին:

Leave a Comment