Երեկ ռուսների հարվածներից Ուկրաինայում առնվազն 9 մարդ է զոհվել

Շաբաթ օրը Ուկրաինայի տարբեր քաղաքների ռուսական ուժերի հասցրած հարվածներից առնվազն 9 մարդ է զոհվել, հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը:

Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքում ռուսները հարձակվել են ավտոմեքենաների վրա, մեկուկես ժամվա ընթացքում երեք հարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել:

«Դրանք ռազմական թիրախներ չեն, դրանք սովորական քաղաքացիական ավտոմեքենաներ են: Մարդիկ գնում էին իրենց գործերով», – ընդգծել է Կրամատորսկի քաղաքային խորհուրդը:

Ժիտոմիրի մարզի նահանգապետ Վիտալի Բունեչկոն հաղորդել է, որ ռուսները հարված են հասցրել նպարեղենի խանութի Զվյագել քաղաքում` սպանելով երկու մարդու:

Զապորոժիեի մարզի նահանգապետ Իվան Ֆյոդորովը հաղորդել է, որ Զապորոժիե քաղաքին և այլ բնակավայրերի հասցված հարվածների հետևանքով երկու մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել:

Կրիվոյ Ռոգի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեքսանդր Վիկուլի փոխանցմամբ՝ գիշերը քաղաքին անօդաչու թռչող սարքերով և հրիթռներով հասցված հարվածներից երկու մարդ է զոհվել:

Leave a Comment