Ականազերծման կենտրոնի խորհրդի կազմում 2 աշխատակից կներգրավվի․ նիստերը կարող են լինել նաև առցանց

Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով փոփոխություններ են նախատեսվում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» խորհրդի կազմում՝ այն օրենսդրության և պետական կառավարման կառուցվածքի փոփոխություններին համապատասխանեցնելու նպատակով։ Մասնավորապես, խորհրդի կազմում կընդգրկվի կազմակերպության աշխատավորական կոլեկտիվի երկու անդամ, իսկ նիստերը հնարավոր կլինի անցկացնել ամբողջությամբ կամ մասնակի առցանց եղանակով։

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) կանոնադրության դրույթները ՀՀ օրենսդրության մեջ կատարված փոփոխություններին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Ընթացիկիրավիճակը և խնդիրները

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մաuին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն՝ այլ բնագավառների պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի անդամների ոչ պակաս, քան քսան տոկոսը պետք է կազմեն պետական կազմակերպության աշխատավորական կոլեկտիվի անդամները: Կազմակերպության կանոնադրությամբ գործող խորհրդի անդամների թիվը սահմանված է վեց, որում ներառված չեն Կազմակերպության աշխատավորական կոլեկտիվի անդամներ, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել ավելացնել խորհրդի կազմը՝ ներառելով Կազմակերպության աշխատավորական կոլեկտիվի երկու անդամ: Բացի այդ, ՀՀ կառավարության կառուցվածքում կատարված փոփոխությունների արդյունքում դադարեցվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը և ստեղծված ՀՀ ներքին գործերի նախարարության կառուցվածքում ներառվել է փրկարար ծառայությունը, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը վերանվանվել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության, որի կապակցությամբ ևս անհրաժեշտություն է առաջացել Կազմակերպության խորհրդի կազմը համապատասխանեցնել կատարված փոփոխություններին: Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել Կազմակերպության խորհրդի նիստերի անցկացման ձևաչափում ամրագրել նիստերն ամբողջությամբ կամ մասնակի առցանց եղանակով անցկացնելու հնարավորությունը:

Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծով Կազմակերպության խորհրդի կազմում կատարվում ենք փոփոխություններ, ինչպես նաև նախատեսվում է Կազմակերպության խորհրդի նիստերն ամբողջությամբ կամ մասնակի առցանց եղանակով անցկացնելու հնարավորությունը:

Լրացուցիչֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2026-2031թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ  

Որոշման նախագիծը կապված է Կառավարության 2026-2031թթ. ծրագրի «Գլուխ 8. Շրջակա միջավայր» գլխի առաջին պարբերության պահանջների ապահովման հետ, ի դեմս՝ Շրջակա միջավայրի վերաբերյալ հանձնառություններն ուղղված են շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների նվազեցմանը՝ ապահովելով առողջ և անվտանգ միջավայր ներկա ու ապագա սերունդների համար, քանի որ Կազմակերպության գործունեության առարկան և նպատակն է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ականապատ տարածքների ականազերծումը և ականապատ տարածքներում ականների պայթյունից խաղաղ բնակիչների զոհվելու հնարավորության բացառումը:

Leave a Comment