Ովքեր կազատվեն ԱԱՀ-ից․ հին կարգավորումը կչեղարկվի

Համայնքներին նվիրատվությամբ ապրանքների մատակարարումն այսուհետ կազատվի ավելացված արժեքի հարկից՝ պետությանը նման ապրանքների մատակարարման գործող կարգավորմանը համահունչ։ Կառավարությունն առաջարկում է այդ փոփոխությամբ պայմանավորված ուժը կորցրած ճանաչել 2018 թվականին ընդունված համապատասխան որոշումը։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության սեպտեմբերի 11-ի նիստի օրակարգում  ընդգրկված համապատասխան նախագծերից։

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Նախագծի նպատակը ՀՀ կառավարության 12.04.2018թ․ N402-Ն որոշման ուժը կորցրած ճանաչելն է՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի՝ 2026թ․ հուլիսի 1-ից գործող խմբագրությամբ պայմանավորված։

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի մինչև 2026թ․ հուլիսի 1-ը գործող խմբագրությամբ ԱԱՀ-ից ազատված էր պետությանը նվիրատվության ձևով ապրանքների մատակարարումը, իսկ համայնքին ապրանքների նվիրատվությունն ԱԱՀ-ից ազատված չէր և այդ գործարքները ենթակա էին ԱԱՀ-ով հարկման։ Համայնքին նվիրատվության ձևով ապրանքների մատակարարման մասով նվիրատու՝ ԱԱՀ վճարող համարվողների մոտ առաջացող ԱԱՀ-ի հնարավոր հարկային բեռը մեղմելու նպատակով այդ գործարքների մասով հարկման բազայի որոշման համար կիրառվել է օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված առանձնահատկությունը, որին համապատասխան  Կառավարության որոշումների հիման վրա ԱԱՀ վճարողների կողմից ապրանքի մատակարարման անհատույց գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան համարվում է 0 դրամ։ Այդ դրույթին համապատասխան՝ ՀՀ կառավարության 12.04.2018թ․ N402-Ն որոշմամբ սահմանվել է, որ համայնքին նվիրատվության ձևով ապրանքների մատակարարման գործարքներն օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառման նպատակով համարվում են ապրանքների մատակարարման անհատույց գործարքներ, որոնց դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան համարվում էր 0 դրամ։

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի մայիսի 6-ի ՀՕ-234-Ն օրենքով օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի փոփոխությամբ ԱԱՀ-ից ազատման արտոնություն է սահմանվել նաև բռնագրավման կամ նվիրատվության ձևով համայնքին ապրանքի մատակարարման գործարքների մասով։ Արդյունքում և պետությանը, և համայնքին նվիրատվությամբ (անհատույց) ապրանքների մատակարարման գործարքների համար կիրառվում է ԱԱՀ-ի մասով նույն կարգավորումները՝ երկու դեպքում էլ այդ գործարքներն ազատվում են ԱԱՀ-ից և այդ մասով ԱԱՀ հաշվարկելու ու վճարելու պարտավորություն չի առաջանում։ Միաժամանակ, պետությանը և համայնքին նվիրատվությամբ (անհատույց) ապրանքների մատակարարման գործարքների համար ԱԱՀ-ի մասով նույն կարգավորումները կիրառելու հետ կապված փոփոխություն է կատարվել նաև օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում՝ Կառավարության որոշումների հիման վրա ԱԱՀ վճարողների կողմից նվիրատվության ձևով պետությանը կամ համայնքին ապրանքի մատակարարման գործարքների մասով չկիրառել ԱԱՀ-ի հաշվանցման (պակասեցման) կատարման սահմանափակումը՝ ԱԱՀ վճարողներին հնարավորություն տալով այդ գործարքների մասով կատարել ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով։

3 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով համայնքին նվիրատվության ձևով ապրանքների մատակարարման մասով ԱԱՀ-ից ազատման արտոնության սահմանմամբ պայմանավորված նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 12.04.2018թ․ N402-Ն որոշումը, հաշվի առնելով նաև, որ տվյալ դեպքում ՀՀ կառավարության որոշմամբ ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման առանձնահատկություն սահմանելու անհրաժեշտությունը բացակայում է։

Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ՀՀ կառավարության 12.04.2018թ․N402-Ն որոշման ուժը կորցրած ճանաչելն է։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի բխում է ՀՀ կառավարության 18.11.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1902-Լ որոշման N1 հավելվածով հաստատված՝ Պետական եկամուտների կոմիտեի 3.3-րդ՝ «Հարկային պարտավորությունների հաշվարկման մեխանիզմների կատարելագործում» միջոցառումից։

Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում էական փոփոխություններ չեն նախատեսվում։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից։

8 Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունմամբ ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ կառավարության 12.04.2018թ․ N402-Ն որոշումը։

Leave a Comment