Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։
-ԱՄՆ բանագնացների՝ Մոսկվա ու Կիև այցից հետո հեռախոսազրույց էին ունեցել ԱՄՆ-ի ու ՌԴ-ի նախագահները։ Այնուհետև Թրամփը հայտարարել է՝ «Պուտինը ցանկանում է գործարք կնքել»։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է այս հայտարարությունն իրատեսական, և կարո՞ղ է նշանակել, որ Մոսկվան իսկապես պատրաստ է խաղաղության համաձայնագրի։
-Գործարքը դեռևս տեսանելի չէ, սակայն դիվանագիտությունն սկսել է աշխուժանալ։ Հակամարտություններում կողմերը փորձում են կրել խաղաղասիրական տարազ և պատրաստակամություն հայտնել համաձայնության։ Բայց խնդիրները սուր են և շատ բարդ, հատկապես տարածքային մակարդակով։ Դրա համար խոսակցություն, անգամ բանակցություն կարելի է ակնկալել, բայց գործարքը դեռևս չի երևում։
-Ըստ Ձեզ՝ արդյունավետության տեսանկյունից ինչպե՞ս կարելի է գնահատել բանագնացների այցը։
-Բանագնացների այցը խոսում է ամերիկյան դիվանագիտության աշխուժության մասին։ ԱՄՆ-ն փորձում է ցույց տալ, որ այս գծի վրա աշխուժանում են բանակցությունները։ Իրանի դեմ թե՛ ռազմական և թե՛ տնտեսական թեժացումներին առընթեր՝ դեպի Մոսկվա դիվանագիտությունն է աշխատում։ Կարծում եմ՝ այս զուգահեռը՝ թեժացում-դիվանագիտություն ուղղություններով, կարևոր է դիտարկել դաշնակից ուժերի նկատմամբ տարբեր քաղաքականություն կիրառելու առումով։
-«Ուկրաինայի հարցով առաջընթացի ճանապարհային քարտեզ մշակելու հնարավորություն կա»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն։ Արդյոք այդպե՞ս է, թե՞ ոչ։
-Գուցե կլինի հանգուցալուծման կետերի բանաձև կամ ճանապարհային քարտեզ՝ իբրև բանակցային փաստաթղթի նախագիծ։ Սակայն դա ամենևին չի ենթադրում, որ արդյունավետ բանակցություններ կսկսվեն։ Անցնելիք երկար ճանապարհ ունեն կողմերը, իսկ տևողությունը կարևոր մասով կախյալ է ԱՄՆ-ից։
-Նաև անդրադառնանք Իրան-ԱՄՆ կոնֆլիկտին․ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե կարծում է՝ «պատերազմը կավարտվի ընտրություններից անմիջապես հետո»․ ի՞նչ հիմքեր կարող են լինել նման կանխատեսման համար։
-Նախ, նախադեպերը նկատի ունենալով, կարելի չէ բացարձակ ճշգրտությամբ ընդունել հայտարարությունը, որը կարող է վերափոխվել որևէ պահի։ Բայց ներկա պահի տրամաբանությամբ սա նշանակում է, որ Վաշինգտոնը չի կարողանում նեղ ժամկետներում ավարտել իր առջև դրված խնդիրը։ Թեհրանն էլ գիտակցում է, որ նոյեմբերից առաջ Թրամփին ձեռնտու է ավարտել պատերազմը, դրա համար էլ աշխատում է ձգել իրավիճակը։ Պիտի ընկալել հայտարարությունն իբրև մանևր՝ բանակցային դիրքերը հզորացնելու առումով։ Երկարաձգումը ծանր է ազդում գների վրա, իսկ սղաճը, հատկապես՝ վառելիքի մասով, իր հերթին կազդի ընտրազանգվածի վրա։ Հայտարարությունն իր բացարձակ իմաստով չպետք է ընկալել, կարծում եմ։
-Իսրայելի վարչապետն ասել է․ «Երդվում եմ՝ քանի դեռ վարչապետ եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա»։ Իրո՞ք Իրանն ուզում է միջուկային զենք ունենալ և կկարողանա՞ ունենալ, թե՞ սա քարոզչական հայտարարություն է։
-Իսրայելի վարչապետը ևս ուզում է դեմք փրկել այս բոլոր թոհուբոհից հետո․ այնտեղ ևս ընտրություններ են, և Նեթանյահուն ուզում է հաղթանակածի կերպարով ներկայանալ։ Հայտարարությունը, ինչպես բնութագրում եք, քարոզչական է և առաջին հերթին ներքին լսարանին ուղղված։ Թե՛ ԱՄՆ-ի և թե՛ Իսրայելի դեպքում պատերազմն ընտրարշավային նշանակություն է ստացել։
Զրուցեց Արման Գալոյանը
