«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դիմել է այն քաղաքացիներին, որոնք հիասթափված են խորհրդարանական ընտրությունների արդյունքներից և «Քաղաքացիական պայմանագրի»՝ իշխանությունը պահպանելու փաստից՝ կոչ անելով չհուսահատվել։
Նա համեմատել է 2021 և 2026 թվականների ընտրությունների արդյունքները՝ նշելով, որ 2026-ին հիմնական ընդդիմադիր ուժերը միասին գրեթե 80%-ով ավելի շատ ձայն են ստացել, քան 2021-ին։ Կարապետյանի գնահատմամբ՝ սա վկայում է ՔՊ-ի աջակցության շեշտակի անկման մասին։
«Փաշինյանի կառավարման ու «Քաղաքացիական պայմանագրի» ժամանակը հաշվված է։ Մեր միակ աշխատանքն այն է, որ դա լինի ինչքան հնարավոր է շուտ, ինչքան հնարավոր է քիչ կորուստով»,- հայտարարել է Կարապետյանը։
Նա նաև իշխանություններին մեղադրել է ընտրական գործընթացին միջամտելու, իսկ Հանրային հեռուստաընկերությանը՝ ընտրություններից առաջ «Ուժեղ Հայաստանի» վերաբերյալ կեղծ տեղեկություն տարածելու մեջ։ «Ընտրությունն անցավ՝ մոռացան։ Մենք չենք մոռացել»,- ասել է Կարապետյանը։
