Արքայադուստր Դիանայի՝ Քրիստինա Ստամբոլյանի ստեղծած «վրեժի զգեստը» կվաճառեն աճուրդում

Հայկական ծագում ունեցող դիզայներ Քրիստինա Ստամբոլյանի ստեղծած՝ արքայադուստր Դիանայի հայտնի սև «վրեժի զգեստը» դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում աճուրդի կհանվի, հայտնել է Sotheby’s աճուրդի տունը։

Ստամբոլյանը ծնվել է Աթենքում՝ հայկական ընտանիքում։ 1970-ականներին նա տեղափոխվել է Լոնդոն, որտեղ ապրել և աշխատել է կյանքի մեծ մասը։

Բաց ուսերով սև մետաքսե զգեստը Դիանան կրել է 1994 թվականին՝ Լոնդոնի Սերպենտայն պատկերասրահում կազմակերպված միջոցառման ժամանակ։ Նույն երեկոյան արքայազն Չարլզը լրագրող Ջոնաթան Դիմբլբիին տված հարցազրույցում խոստովանել է, որ Դիանայի հետ ամուսնության ընթացքում անհավատարիմ է եղել։ Դրանից հետո զգեստը լայն ճանաչում է ստացել որպես «վրեժի զգեստ»։

Զգեստը դարձել է Դիանայի ամենաճանաչելի կերպարներից մեկը և ուշադրություն է գրավել նաև ավանդական արքայական արարողակարգից շեղվելու պատճառով, որը ենթադրում էր ավելի զուսպ երեկոյան հանդերձանք։

Ստամբոլյանի խոսքով՝ Դիանան զգեստը գնել էր հանրության առաջ դրանով առաջին անգամ ներկայանալուց մոտ երեք տարի առաջ։

«Երեք տարի անցավ, իսկ նա այդպես էլ այն չհագավ»,- 2022 թվականին հրատարակված «Diana» գրքում հիշել է դիզայները՝ Կլաուդիա Ջոզեֆին տված հարցազրույցում։

Ստամբոլյանը նաև պատմել է, որ Դիանան իրեն խնդրել էր «հատուկ զգեստ ստեղծել հատուկ առիթի համար»։ «Կարևոր չէ՝ այն կարճ կլինի, թե երկար։ Այն պետք է յուրահատուկ լինի»,- արքայադստեր խոսքերն է մեջբերել դիզայները։

1997 թվականին Դիանան զգեստը վաճառել է բարեգործական աճուրդում, որի հասույթն ուղղվել է քաղցկեղի և ՁԻԱՀ-ի դեմ պայքարող կազմակերպություններին։

Դեկտեմբերյան աճուրդից առաջ զգեստը սեպտեմբերի 18-24-ը կցուցադրվի Լոնդոնում՝ Նորաձևության շաբաթվա շրջանակում։ Այնուհետև այն կներկայացվի Հոնկոնգում, Ժնևում և Նյու Յորքում։

Աճուրդը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին՝ Նյու Յորքի Breuer շենքում։ Աճուրդից ստացված հասույթը կուղղվի NHS Lothian Charity բարեգործական կազմակերպությանը՝ Էդինբուրգի թագավորական հիվանդանոցին աջակցելու նպատակով։

Leave a Comment