Ռուանից Կան ուղևորվող մարդատար գնացքը սեպտեմբերի 11-ի երեկոյան Նորմանդիայի Կլեոն քաղաքի մերձակայքում դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով 44 մարդ է տուժել, հայտնել են Ֆրանսիայի իշխանությունները։
Գնացքում եղել է 186 ուղևոր։ Վթարը տեղի է ունեցել ժամը 19։45-ի սահմաններում՝ Տուրվիլի և Էլբյոֆ-Սեն-Օբենի միջև։ Դեպքի վայր են ուղարկվել 130 հրշեջ, 5 բժշկական խումբ և 80 միավոր տեխնիկա։ Իշխանությունները գործարկել են մեծ թվով տուժածների դեպքում նախատեսված արտակարգ արձագանքման ծրագիրը։
Նշվում է, որ 18-ամյա աղջիկը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, ևս 43 մարդու տեղում բժշկական օգնություն է ցուցաբերվել։ Գնացքի մեքենավարի՝ ալկոհոլ և թմրանյութ օգտագործած լինելու ստուգման արդյունքները բացասական են եղել։
Տվյալ հատվածում գնացքների երթևեկությունը դադարեցվել է, իսկ փրկարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով անջատվել է երկաթուղու էլեկտրամատակարարումը։ Վթարի պատճառները պարզում են ոստիկանությունն ու երկաթուղային ծառայությունները։
Տարեսկզբին Իսպանիայում ևս մի քանի օրվա ընթացքում երկու խոշոր երկաթուղային վթար էր տեղի ունեցել։ Կատալոնիայում հենապատի փլուզումից հետո գնացքը դուրս էր եկել ռելսերից, 1 մարդ զոհվել էր, 37-ը՝ տուժել։
Դրանից երկու օր առաջ Անդալուսիայում երկու գնացք էր բախվել, ինչի հետևանքով առնվազն 42 մարդ էր մահացել։
