Հաջիևն օտարերկրյա դիվանագետներին պատմել է Դադիվանքի ու Գանձասարի մասին՝ որպես «հին Կովկասյան Ալբանիայի քրիստոնեական ժառանգություն»

«Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը դիվանագիտական ​​կորպուսի անդամների հետ կիսվել է Գյանջասարի և Խուդավենգի եկեղեցիներ կատարած իր այցելության տեսանյութով։

Նա նշել է, որ Գյանջասար և Խուդավենգ եկեղեցիները հին Կովկասյան Ալբանիայի քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են կազմում։

Նրա խոսքով՝ Գյանջասարի եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում Կովկասյան Ալբանիայի կառավարիչ Հասան Ջալալի կողմից և դարերի ընթացքում ձևավորված Կովկասյան Ալբանիայի քրիստոնեական ժառանգության կարևոր օրինակներից մեկն է։

Հիքմեթ Հաջիևը նշել է, որ օկուպացիայի տարիներին այս պատմական հուշարձանները ենթարկվել են տարբեր արտաքին միջամտությունների՝ «վերականգնման» անվան տակ, ինչի արդյունքում ոչնչացվել է դրանց ճարտարապետական ​​իսկությունը և նախնական տեսքը»,-գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ադրբեջանում գտնվող յուրաքանչյուր պատմական, մշակութային և կրոնական հուշարձան, անկախ դրա ծագումից կամ կրոնական պատկանելությունից, մեր երկրի հարուստ մշակութային ժառանգության անբաժանելի մասն է կազմում: Ադրբեջանական պետությունը հանձնառու է այդ հուշարձանների պահպանմանը, պաշտպանությանը և վերականգնմանը։ Մենք պատրաստ ենք այս փորձը կիսել այլ երկրների հետ, այդ թվում՝ մեր հարևանների»,-ասել է  Հաջիևը:

Ադրբեջանական լրատվամիջոցները ոչինչ չեն հայտնում՝ արդյո՞ք Հաջիևը օտարերկրյա դիվանագտներին պատմել է, թե ինչպես են իր ազգակիցները պետական հովանավորության ներքո օկուպացված Արցախում ոչնչացրել հայկական հու՛արձանները՝ վանքերը, եկեղեցիները, գերեզմանները։

Կամ Հաջիևը պատմե՞լ է ճշմարտությունը, որ Դադիվանքն 9-րդ դարում հայերն են կառուցել, իսկ «Գանջասար» ասվածը հայկական Գանձասարն է, որ կառուցվել է 13-րդ դարում, երբ ադրբեջանցի հասկացություն գոյություն չուներ։ Հասան-Ջալալյան տոհմի շնորհիվ Գանձասարը պահպանել է հայ հոգևոր կենտրոնի նշանակությունը։ 1923 թվականին Ադրբեջանին բռնակցվելուց հետո Գանձասարը չի գործել և վերանորոգվել է միայն 1993 թվականին՝ ադրբեջանցիներից ազատագրվելուց հետո։

Leave a Comment