Քայլը ճիշտ է։ Բայց այն ավելի քիչ հեղափոխական է, քան թվում է։ Խաղային ընկերություններն արդեն ներկայացնում էին ֆինանսական հոսքերի վերաբերյալ ամսական հաշվետվություններ և տարեկան ֆինանսական հաշվետվություններն անցկացնում անկախ աուդիտով։ Նոր կարգը հիմնականում փորձում է այդ տեղեկատվությունը դարձնել միասնական և համադրելի։
Սակայն Հայաստանի խնդիրը վաղուց արդեն միայն հաշվետվությունների ձևը չէ։ Խաղային բիզնեսի ծավալն ինքն է դարձել տնտեսական քաղաքականության խնդիր։
2025 թվականին միայն ինտերնետ շահումով խաղերում Հայաստանում կատարվել է շուրջ 7.5 տրիլիոն դրամի խաղադրույք, խաղատներում՝ ևս շուրջ 185 միլիարդ դրամի։ Համեմատության համար՝ 2017-ին առցանց խաղադրույքների ծավալը մոտ 0.2 տրիլիոն դրամ էր։ Ութ տարում այն աճել է ավելի քան 35 անգամ։
Այս թվերը, սակայն, պետք է ճիշտ մեկնաբանել։ 7.5 տրիլիոն դրամը ոլորտի ստեղծած տնտեսական արդյունքը չէ․ նույն գումարը կարող է բազմիցս շրջանառվել՝ խաղադրույքից վերածվել շահումի, ապա կրկին դառնալ խաղադրույք, բայց հենց այդ պատճառով թիվն ավելի հետաքրքիր հարց է առաջացնում՝ այդ ահռելի ֆինանսական շարժից ի՞նչ իրական տնտեսական արժեք է մնում Հայաստանում։
Այո՛, մնում են հարկեր, աշխատատեղեր, բարձր վարձատրվող տեխնոլոգիական մասնագետներ, ծրագրային մշակումներ և արտահանվող ծառայություններ։ Դա անտեսելը նույնքան սխալ կլիներ, որքան խաղային շրջանառությունը տնտեսական աճ համարելը։ SoftConstruct-ը, որը կապված է VBET խաղային էկոհամակարգի հետ, 2025 թվականին վճարել է շուրջ 23.8 միլիարդ դրամ հարկ և եղել Հայաստանի տասներորդ խոշոր հարկատուն։ 2026-ի առաջին եռամսյակում այն արդեն հինգերորդն էր՝ շուրջ 8 միլիարդ դրամ հարկով։
Սա լուրջ հարկատու է, բայց խոշոր հարկատու լինելը դեռ նույնը չէ, ինչ տնտեսության համար համարժեք ավելացված արժեք ստեղծելը։
Պղնձի հանքից մնում է արտահանվող հումք, գործարանից՝ արտադրանք, տեխնոլոգիական ընկերությունից՝ գիտելիք և մտավոր սեփականություն, էներգետիկ ներդրումից՝ ենթակառուցվածք։ Իսկ խաղային բիզնեսի տնտեսական հաշվեկշիռը գնահատելիս պետությունը պետք է հաշվի ոչ միայն այն, թե որքան հարկ է ստացել, այլև՝ որքան տնային տնտեսությունների եկամուտ է տեղափոխվել խաղային համակարգ, որքան պարտք է առաջացել, որքան սպառում կամ խնայողություն է դուրս մղվել և ինչ սոցիալական ծախս է մնացել պետությանը։
Հենց այստեղ է նոր կարգավորման առաջին սահմանը։
Հաշվետվությունը վերահսկողություն չէ։ Այն վերահսկողության հումքն է։
Եթե պետությունն ամիսը մեկ ստանում է այն տեղեկությունը, որը ներկայացնում է հենց վերահսկվող ընկերությունը, ապա տեսնում է ընկերության ներկայացրած պատկերը։ Իրական վերահսկողությունը սկսվում է այնտեղ, որտեղ այդ պատկերը հնարավոր է համադրել բանկային հոսքերի, խաղացողների հաշիվների, առանձին խաղադրույքների, հարկային տվյալների, վճարային համակարգերի և կազմակերպչի սկզբնական թվային տվյալների հետ։
Այս տարբերությունն առավել կարևոր է այնպիսի խոշոր և միջազգային գործունեություն ծավալող խաղային բիզնեսի դեպքում, ինչպիսին «Վիվառո»-ն է, որի ֆինանսական, տեխնոլոգիական և կորպորատիվ կապերը չեն սահմանափակվում Հայաստանի շուկայով։
Ամսական հաշվետվությունը երեկվա տնտեսության գործիք է մի բիզնեսի համար, որն աշխատում է վայրկյանների արագությամբ։ Մեկ ամսում կարող են կատարվել միլիոնավոր գործողություններ՝ մուտքեր, ելքեր, բոնուսներ, չեղարկումներ, փոխանցումներ։ Ամսվա վերջի հանրագումարը կարող է թվաբանորեն ճիշտ լինել և ոչինչ չպատմել առանձին կասկածելի շղթայի մասին։
Հայաստանն արդեն նախատեսել է ավելի ուժեղ գործիք։ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով ստեղծվող մշտադիտարկման համակարգը պետք է կազմակերպիչների համակարգերում իրական ժամանակում հասանելիություն ունենա խաղային արտադրանքների, խաղանիշերի, շահումների և խաղային իրադարձությունների վերաբերյալ տվյալներին։ 2026-ի օգոստոսին կառավարությունը նշանակեց նաև կարգավորման օպերատոր։
Մի դեպքում պետությունը հարցնում է՝ «ասա՝ այս ամիս ինչ ես արել»։ Մյուս դեպքում պետությունը կարող է ինքնուրույն տեսնել՝ ինչ է կատարվում։
Բայց նույնիսկ դա ամբողջ պատասխանը չէ։
Ժամանակակից խաղային խոշոր խումբը մեկ դրամարկղով ընկերություն չէ։ Այն կարող է ունենալ տարբեր երկրներում գրանցված տեխնոլոգիական ընկերություններ, ծրագրային մատակարարներ, ապրանքանիշեր, վճարային միջնորդներ և փոխկապակցված կառույցներ։ Եթե հայկական կարգավորիչը տեսնում է միայն Հայաստանում լիցենզավորված կազմակերպչին, բայց ամբողջությամբ չի տեսնում փոխկապակցված ընկերությունների հետ գործարքները, ծառայությունների դիմաց վճարումները և անդրսահմանային ֆինանսական հոսքերը, կարող է մանրամասն տեսնել ծառը՝ այդպես էլ չտեսնելով անտառը։
Ուստի անհրաժեշտ է երկրորդ պաշտպանական գիծ՝ իրական շահառուների ու փոխկապակցված անձանց գործարքների բացահայտում, արտասահմանյան հոսքերի առանձին դասակարգում, խոշոր և անսովոր գործարքների հիմնավորում, միջոցների ծագման ստուգում և ՊԵԿ-ի, ֆինանսական հետախուզության ու բանկային վերահսկողության միջև տվյալների համակարգված փոխանակում։
Եվ այստեղ կա նաև քաղաքական խնդիրը։
Երբ խաղային բիզնեսը պարզապես բիզնես է, պետության հարաբերությունը նրա հետ հարկային և կարգավորիչ է։ Երբ նույն տնտեսական շրջանակը հայտնվում է քաղաքական իշխանության հետ տեսանելի մերձեցման դաշտում, վերահսկողության չափանիշը պետք է ոչ թե մեղմանա, այլ բարձրանա։ Պետությունը պետք է կարողանա ցույց տալ, որ իշխանությանը մոտ կանգնած ընկերության հաշվետվությունը ստուգվում է նույն խստությամբ, ինչ իշխանության հետ որևէ հարաբերություն չունեցող ընկերությանը։
Ժողովրդավարական պետության ամենավտանգավոր սողանցքը երբեմն օրենքի մեջ չէ՝ այն օրենքը կիրառողի հայեցողության մեջ է։
Հայաստանում խաղային տնտեսությունն արդեն այնպիսի չափերի է հասել, որ հարցը միայն խաղամոլության դեմ պայքարը չէ։ Հարցն այն է, թե ինչպիսի տնտեսություն ենք կառուցում։ Եթե մի ոլորտում խաղադրույքների ծավալը հաշվվում է տրիլիոններով, իսկ այդ ոլորտի ընկերությունները բարձրանում են երկրի խոշորագույն հարկատուների առաջին տասնյակ, պետությունը պետք է չափի ոչ միայն նրանց վճարած հարկերը, այլև նրանց զուտ տնտեսական ու սոցիալական արդյունքը։
Որովհետև տնտեսության մեծությունը միայն փողի շարժման արագությունը չէ։ Կարևոր է նաև՝ ինչ է մնում այդ շարժումից հետո։
Ամսական հաշվետվությունները ցույց կտան թվերը։ Իրական ժամանակի մշտադիտարկումը՝ գործարքները։ Բայց լավ կարգավորիչը պետք է կարողանա պատասխանել ավելի մեծ հարցի՝ տրիլիոնների հասնող այս շրջանառությունից ինչ է շահում Հայաստանը՝ հարկերից բացի, և ինչ գին է վճարում դրա դիմաց։
Այդ հարցի պատասխանը որևէ հաշվետվության մեկ տողում չի տեղավորվի։
Կարդացել են
անգամ