«Նախագահ Մակրոնն էլ ասում է՝ գիտես, ինչ, ես ամեն ինչ հասկանում եմ այսպիսի գաղափարական մարտիկին, ժողովրդավարության նվիրյալին , մարդու իրավունքների բազմամյա պաշտպանին չենք կարող Հայաստանի բռնապետական իշխանությանը»։
Նիկոլ Փաշինյանը հեգնանքով է պատասխանել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ Հայաստանին չարտահանձնելու մասին հարցին։ Վարչապետը Խաչատրյանին նաև հեգնանքով բնութագրել էր որպես մարդու իրավունքների, ժողովրդավարության, խոսքի ազատության ոլորտում ակտիվ գործունեություն ծավալած անձնավորության։
Իրականում ինչի մասին է խոսքը։ Սուրիկ Խաչատրյանի, նրա թիկնապահների, ազգականների անունները պաշտոնավարման ողջ ընթացքում տարիներ շարունակ կապվել են սկանդալների ու քրեական պատմությունների հետ։
Նրա մասնակցությամբ ամենահնչեղ պատմություններից մեկը 2013 թվականին Գորիսի կրակոցներն էին։
2013 թվականի հունիսին Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով սպանվեց գործարար Ավետիք Բուդաղյանը։ Նրա եղբայրը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանը, և Խաչատրյանի թիկնապահը վիրավորվեցին։
Ու քանի որ կատարվածը հատել էր բոլոր կարմիր գծերը, Խաչատրյանը հրաժարական տվեց մարզպետի պաշտոնից։
Բայց պատմությունն այստեղ չավարտվեց։
«Որոշ ժամանակ Սյունիքում իշխանության «Հանրապետական» կուսակցության դիրքերն այնքան թուլացան, որ իշխանությունը խոստովանեց, որ Սյունիքի մարզն իր ձեռքից գնում է, և Սուրիկ Խաչատրյանին հանդիսավոր կերպով էլի տարան, հետ բերեցին իր պաշտոնին…»
Այսինքն՝ քաղաքական համակարգը, որը մի պահ փակել էր Խաչատրյանի առաջ պետական պաշտոնի դուռը, կարճ ժամանակ անց այն կրկին բացեց։
Քաղաքագետ Գարիկ Միսկարյանի դիտարկմամբ՝ որքան մարդը օրենքից դուրս էր գործում, այնքան համակարգի կողմից ընդունված էր, և այնքան մեծ էին նրա հնարավորությունները։
«Դա ավելի ուժեղացավ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, երբ որ ուժի կենտրոնը որպես այդպիսին բաժանվեց հանրապետության տարբեր մարզերի վրա»։
Միսկարյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի կառավարման համակարգում իշխանությունը բաժանված էր ազդեցության տարբեր կենտրոնների միջև։
«Սերժ Սարգսյանի դեպքում էլ էր էդպես, բայց նա իշխանությունը բաժանել էր գավառների, իրա գավառապետերի միջև և ըստ էության Սուրիկ Խաչատրյանը Սերժ Սարգսյանի էդ գավառապետերից մեկն էր»։
Խաչատրյանի անունը իրավական պատմությունների մեջ հայտնվել էր նաև շատ ավելի վաղ։
2011 թվականին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում միջադեպ էր եղել. գործարար Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, որ Խաչատրյանն իրեն հարվածել է։ Միջադեպը կապվել էր հանքարդյունաբերության ոլորտում Խաչատրյանի գործունեության վերաբերյալ հրապարակային հայտարարությունների հետ։ Սակայն քրեական գործը հետագայում կարճվել էր։
2008 թվականին էլ Սյունիքի մարզպետարանի ֆինանսական գործունեությունը հայտնվեց քննադատության կենտրոնում։ Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում հրապարակվել էին շուրջ 575 միլիոն դրամի չարաշահումների, վատնումների և բյուջետային միջոցների ոչ պատշաճ օգտագործման վերաբերյալ տվյալներ։
Սակայն այդ ժամանակ Խաչատրյանը քրեական պատասխանատվության չարժանացավ և շարունակեց պաշտոնավարել։
Ընդհանրապես, նախկին իշխանության օրոք Սյունիքը պարզապես մարզ չէր։ Այն քաղաքական ազդեցության առանձին կենտրոն էր, իսկ այդ կենտրոնի ամենահայտնի դեմքը՝ Սուրիկ Խաչատրյանը։
2015 թվականին, սակայն, արդեն Խաչատրյանի մեքենան դարձավ կրակոցների թիրախ։ Կապան–Գորիս ճանապարհին նրա մեքենայի ուղղությամբ կրակոցներ արձակվեցին։ Դեպքի առնչությամբ հարուցվեց սպանության փորձի վերաբերյալ քրեական գործ։
2018 թվականի իշխանափոխությունից հետո համակարգը փոխվեց։ Իսկ 2019 թվականին Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվեց հետախուզում, և որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը։
Իրավապահները նրան մեղադրանքներ առաջադրեցին պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և առանձնապես խոշոր չափերով վատնման վերաբերյալ։
Իսկ հիմա Սուրիկ Խաչատրյանը Ֆրանսիայում է. Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված։
Մանրամասները՝ տեսանյութում։
