«Հայաստան» խմբակցությունը չի առաջադրել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի թեկնածու, հանձնաժողովի նիստում հայտարարել է խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ Ուղիղ հեռարձակումն իրականացրել է Armenia Today-ը։
Հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը հիշեցրել է, որ Դոնթի բանաձևի համաձայն՝ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը բաժին է հասել «Հայաստան» խմբակցությանը։ Ի պատասխան՝ Խամոյանը նշել է, որ պաշտոնը հատկացված է ընդդիմությանը, սակայն Սահմանադրական դատարանի որոշման ներկայիս մեկնաբանությամբ «Հայաստան» խմբակցությունը չի կարող այն փոխանցել մեկ այլ ընդդիմադիր խմբակցության՝ «Ուժեղ Հայաստանին»։
ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հակադարձել է, որ ՍԴ որոշման մեջ հստակ նշված չէ, թե մեկ այլ ընդդիմադիր խմբակցությունից թեկնածու առաջադրելն անհնար է։
«ՍԴ որոշումը վերաբերում էր նրան, որ իշխանությունը չհավանած թեկնածուի դեպքում չի կարող յուրացնել կամ խաթարել իշխանություն-ընդդիմություն համամասնությունը: Մեկ ընդդիմադիր խմբակցության կողմից մյուս ընդդիմադիր խմբակցության անդամին առաջադրելը համամասնությունը չի խախտում»,- ասել է նա։
Ի պատասխան՝ Ջուլհակյանը նշել է, որ թեև ՍԴ որոշման մեջ ուղղակիորեն արձանագրված չէ, որ մեկ ընդդիմադիր խմբակցությունը չի կարող առաջադրել մեկ այլ ընդդիմադիր խմբակցության պատգամավորի, սակայն որոշման «կարմիր թելը» պաշտոնների և մանդատների համամասնության պահպանումն է։
Ավելի վաղ «Ուեղ Հայաստան» կուսակցությունից խորհրդարանական հանձնաժողովների փոխնախագահներ էին ընտրվել Մամիկոն Ասլանյանը և Մարիաննա Կագրամանյանը։
