Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է անդրանիկ նիստը

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է անդրանիկ նիստը


Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն Արուսյակ Ջուլհակյանի նախագահությամբ սեպտեմբերի 11-ին գումարել է անդրանիկ նիստը:


 


Օրակարգը հաստատելուց հետո քննարկվել և հաստատվել է հանձնաժողովի աշխատակարգը:


 


Արուսյակ Ջուլհակյանը տեղեկացրել է, որ ըստ Դոնթի բանաձևի՝ խորհրդարանական խմբակցությունների միջև պաշտոնների բաշխման արդյունքում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը բաժին է հասել «Հայաստան» խմբակցությանը։


 


ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտնել է, որ խմբակցությունն այս պահի դրությամբ թեկնածու չի առաջադրել։


 


Այնուհետև հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։


 


ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը նշել է, որ նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Կառավարության անդամի երդման տեքստում։ Մասնավորապես, առաջարկվում է երդման տեքստում կիրառել «հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, ինքնիշխանության և զարգացման» ձևակերպումը։


 


««Հարատևություն» հասկացությունը վերաբերում է Հայաստանի Հանրապետության շարունակական գոյությանն ու կայունությանը, «ինքնիշխանություն» հասկացությունը՝ պետության՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավասությանը, իսկ «զարգացում» ձևակերպումն ուղղված է պետության առաջընթացի և բարեկեցության ապահովման նպատակն օրենքում ամրագրելուն»,- ասել է հիմնական զեկուցողը՝ մանրամասն ներկայացնելով օրենքի նախագիծը։


 


Կառավարության ներկայացուցիչն առաջարկել է օրենքի նախագծի քննարկման համար կիրառել հատուկ ընթացակարգ՝ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո երկրորդ ընթերցումն իրականացնել 24-ժամյա ռեժիմով։


 


Ըստ Տիգրան Դադունցի՝ դա թույլ կտա օրենքի փոփոխությունը հնարավորինս արագ ուժի մեջ մտցնել, և Կառավարության նորանշանակ անդամները կերդվեն արդեն փոփոխված տեքստով։


 


Տիգրան Դադունցը և հարակից զեկուցող Արման Եղոյանը եզրափակիչ ելույթներում անդրադարձել են պատգամավորների հնչեցրած հարցերին:


 


Նախագիծը ստացել է դրական եզրակացություն։ Առաջարկվել է օրենքի նախագիծն ԱԺ նիստում քննարկել հատուկ ընթացակարգով:


 


 




Կարդացել են
անգամ

Leave a Comment