Հայաստանը չպետք է ղեկավարի Սփյուռքում տեղի ունեցող գործընթացները, իսկ Սփյուռքը չպետք է ազդեցություն ունենա Հայաստանի ներքին որոշումների վրա։ Այս մոտեցումը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության սեպտեմբերի 11-ի նիստին հաջորդած ճեպազրույցում՝ խոսելով Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վերափոխման մասին։ Այն հեռարձակել է Armenia Today-ի YouTube-յնան ալիքը։
«Հայաստանը Սփյուռքի մենթորը չի, չպիտի լինի և չի կարող լինել, Սփյուռքն էլ Հայաստանի մենթորը չի կարող լինել»,- հայտարարել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Սփյուռքն ապրում է այլ պետությունների տարածքում և գործում այդ երկրների օրենսդրության շրջանակում։ Վարչապետը նաև նշել է, որ միշտ չէ, որ Սփյուռքը Հայաստանի համար տվյալ երկրում ազդեցության միջոց է, և հնարավոր է նաև հակառակ իրավիճակը։
«Սփյուռքն է այդ երկրի համար ազդեցության միջոց դառնում երբեմն Հայաստանի համար»,- ասել է նա։
Փաշինյանը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վերափոխումը կապել է նաև հումանիտար աջակցության մոդելից զարգացման օրակարգին անցնելու անհրաժեշտության հետ։ Նրա խոսքով՝ Հայաստանը բարձր է գնահատում 1990-ականներին Սփյուռքի ցուցաբերած օգնությունը, սակայն այսօր այլևս second-hand ապրանքների կամ հումանիտար հագուստի կարիք չունի։
Վարչապետի կարծիքով՝ Սփյուռքի ներդրումները պետք է համահունչ լինեն Հայաստանի պետական ռազմավարությանը և ուղղված լինեն երկրի զարգացմանը։
Որպես նման համագործակցության օրինակներ նա նշել է ԹՈՒՄՈ-ն, ՔՈԱՖ-ը, Ավետարանչական ընկերության կրթական ծրագրերը և Firebird նախագիծը։ Փաշինյանը ԹՈՒՄՈ-ն անվանել է Սփյուռքի նախաձեռնություն, որը դարձել է Հայաստանի այցեքարտերից և միջազգային բրենդ։
«Այսպիսի զարգացնող ներդրումները Հայաստանն ուժեղացնում են և այն գրավիչ դարձնում հայրենադարձության համար»,- հայտարարել է վարչապետը։
Նա նաև անդրադարձել է «ուժեղ Սփյուռք» հասկացությանը՝ նշելով, որ այն չպետք է նշանակի արտերկրում հայերի թվի ավելացում Հայաստանից արտագաղթի հաշվին։ Փաշինյանի խոսքով՝ կառավարության քաղաքականությունը պետք է ուղղված լինի ներգաղթին և հայրենադարձությանը։
Սփյուռք հարաբերությունների շուրջ քաղաքական բանավեճը սրվել է նաև ընտրական օրենսդրության փոփոխությունների ֆոնին։ ՔՊ ներկայացուցիչները դրանց քննարկման ընթացքում հայտարարել են, որ Սփյուռքի ներկայացուցիչները արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները Հայաստան են գալիս ընտրություններին մասնակցելու և ընդդիմությանը քվեարկելու համար։ Ըստ նրանց՝ «ուժեղ Հայաստան-ուժեղ սփյուռք» մոտեցումը միֆ է։
ԱԺ-ն հուլիսի 3-ին ընդունել էր փոփոխություններ, որոնց համաձայն՝ խորհրդարանական ընտրություններին և հանրաքվեներին կարող են մասնակցել միայն այն քաղաքացիները, որոնք քվեարկությանը նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանում փաստացի գտնվել են առնվազն 366 օր։
Ընդդիմությունը հայտարարել էր, որ այդ սահմանափակումը վիճարկելու է Սահմանադրական դատարանում։ Այս մոտեցումը քննադատել էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Նա հայտարարել էր, որ իշխանությունները իրենց ծրագրով սփյուռքի հետ կապը կտրում են, ստեղծվում է պառակտում Հայաստանի և աշխարհասփյուռ հայության միջև։
Դիտեք նաև՝
«Իրենք են թուլացնում սփյուռքը», «Ուժեղ Սփյուռք՝ թույլ ՀՀ՝ իրենց տրյուկն է». հարցում
