COP17-ին 74 երկրի պատվիրակների այցը ֆինանսավորելու համար Հայաստանի բյուջեից 93.5 մլն դրամ կհատկացվի

Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ խոսքը «Առավել թույլ զարգացած երկրներից» (LDCs) և «Փոքր կղզի զարգացող պետություններից» (SIDS) մեկական՝ նախարարի մակարդակով պատվիրակի մասնակցության ծախսերի ֆինանսավորման մասին է։

Նրանք Երևան են ժամանելու COP17-ի շրջանակում 2026 թվականի հոկտեմբերի 27–28-ը նախատեսված Բարձր մակարդակի հատվածին մասնակցելու համար։

Յուրաքանչյուր պատվիրակի համար նախատեսվում է վճարել ավիատոմսի և Երևանում առավելագույնը երեք օրվա գործուղման ծախսերը։

Հաշվարկներում մեկ ավիատոմսի միջին արժեքը սահմանվել է 2500 դոլար, իսկ Երևանում մեկ գիշերվա համար ՄԱԿ-ի սահմանած օրապահիկի և գիշերակացի չափը՝ 213 դոլար։

Հնարավոր փոխարժեքային տատանումների և ավիատոմսերի գների տարբերությունների համար հաշվարկվել է նաև 10% չնախատեսված ծախս։

Leave a Comment