Սթրեսի դեմ արդյունավետ պայքարում կարևոր դեր ունի նաև սննդակարգը։ Որոշ մթերքներ կարող են նպաստել սթրեսի հորմոնի նվազեցմանը, ինչպես նաև օրգանիզմում անհրաժեշտ նեյրոմիջնորդների արտադրությանը։ Այս մասին «Sputnik» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է բժիշկ-դիետոլոգ, ֆիտոթերապիայի և սննդային աջակցության մասնագետ Տատյանա Զալետովան։
Մասնագետի խոսքով՝ առաջին հերթին սննդակարգում անհրաժեշտ է ներառել բարդ ածխաջրերով հարուստ մթերքներ։ Դրանք օգնում են կայունացնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը և նպաստում են տրամադրության վրա ազդող նեյրոմիջնորդների արտադրությանը։
Որպես օրինակ՝ բժիշկը նշել է հացահատիկային մթերքները՝ վարսակի փաթիլները, քինոան, շագանակագույն բրինձը, ինչպես նաև լոբազգիներն ու ոչ օսլայավոր բանջարեղենը։
Բացի բարդ ածխաջրերից, կարևոր է պարբերաբար օգտագործել օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ մթերքներ։ Դրանց թվում են յուղոտ ձկները՝ հատկապես սաղմոնը, սարդինան, սկումբրիան, կապելինը և ծովատառեխը, ինչպես նաև կտավատի և չիայի սերմերը և որոշ տեսակի ընկույզներ։
Բժշկի խոսքով՝ օմեգա-3 ճարպաթթուներն ունեն հակաբորբոքային ազդեցություն, օգնում են պաշտպանել անոթները և աջակցում են ուղեղի ու նյարդային համակարգի առողջությանը։
Անհանգստության մակարդակը նվազեցնելու համար օրգանիզմին անհրաժեշտ է նաև բավարար քանակությամբ մագնեզիում։ Այն պարունակվում է կանաչ տերևավոր բանջարեղենում, ավոկադոյում, ընկույզներում և սերմերում, բանանում ու մուգ շոկոլադում։ Մասնագետը խորհուրդ է տալիս այս մթերքները ներառել նաև որպես առողջարար խորտիկ։
Որոշ մթերքներ օրգանիզմին ապահովում են նաև տրիպտոֆանով՝ ամինաթթվով, որն անհրաժեշտ է սերոտոնինի և մելատոնինի արտադրության համար։ Դրանք կարևոր դեր ունեն ինչպես տրամադրության, այնպես էլ քնի կարգավորման գործում։ Տրիպտոֆանի աղբյուրներից են ընկույզները, միսը և թռչնամիսը։
Դիետոլոգը խորհուրդ է տվել նաև պարբերաբար օգտագործել մրգեր, հատկապես ցիտրուսային մրգեր և կիվի, հատապտուղներ, քաղցր պղպեղ, պրոբիոտիկներով և պրեբիոտիկներով հարուստ կաթնամթերք, ինչպես նաև ֆերմենտացված մթերքներ, օրինակ՝ կիմչի և թթու կաղամբ։
Այս մթերքները օրգանիզմին ապահովում են կարևոր հակաօքսիդանտներով և նպաստում են աղիքային միկրոֆլորայի առողջության պահպանմանը։
Ինչպես տեղեկանում է Past.am-ը, մասնագետները միաժամանակ խորհուրդ են տալիս սթրեսի դեմ պայքարի շրջանակում չփորձել կտրուկ անցնել «իդեալական» սննդակարգի։ Ավելի արդյունավետ կարող է լինել փոքր, բայց կանոնավոր սովորությունների ներդրումը՝ չբաց թողնել սննդի ընդունումները և ձեռքի տակ ունենալ օգտակար խորտիկներ։