
ՀԷՑ-ը չի վաճառվում, հայտարարեց սեփականատեր Սամվել Կարապետյանը։ Ընդդիմադիր գործիչը մասնակցում է իր դատավարությանը:
Ազատության հարցին, թե ի՞նչ գին է առաջարկել կառավարությանը, Կարապետյանը պատասխանեց. «Եթե չեմ վաճառում, ի՞նչ գին»։
Նախօերին Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» շուկայական արժեքը տեղական ընկերություն է գնահատելու:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը e-draft հարթակում հրապարակել է միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ը հանրային գերակա շահ ճանաչելու որոշման նախագիծը։ Փոխհատուցման չափի մասին, սակայն, փաստաթղթում խոսք չկա: Միայն նշված է, որ գերակա շահ ճանաչելու որոշումը հաջորդել է սեփականատերերի կողմից կառավարության ներկայացրած գնառաջարկը մերժելու փաստին:
Գործադիրը դեռ վաճառքի փուլում էլեկտրական ցանցերի ձեռքբերման համար բաժնետերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին, առաջարկել էր 23.5 միլիարդ դրամ՝ պայմանով, որ Կարապետյանն ընկերությանը վերադարձնի վերջին տասը տարիներին ստացած շահաբաժինները՝ շուրջ 23 միլիարդ դրամ: Գործարքը չէր կայացել։