Սեպտեմբերի 11-ից քառորդ դար անց․ աշխարհը, որ կառուցեց վախը

Սեպտեմբերի 11-ից քառորդ դար անց․ աշխարհը, որ կառուցեց վախը
1in.am Այսօր Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից քառորդ դար է անցել։ 2001 թվականի այդ առավոտյան գրեթե երեք հազար մարդ սպանվեց Նյու Յորքում, Վաշինգտոնում և Փենսիլվանիայում։ Բայց փլուզվեցին ոչ միայն երկվորյակ աշտարակները։ Փլվեց նաև Սառը պատերազմից հետո ծնված կարճատև պատրանքը, թե պատմության ամենավտանգավոր շրջանն ավարտվել է։


 


Հաջորդ քառորդ դարը մեծապես դարձավ այդ առավոտվա երկար ստվերը։


 


Ամերիկան մտավ Աֆղանստան՝ «Ալ-Քաիդան» ոչնչացնելու համար, իսկ երկու տարի անց՝ Իրաք։ Առաջին պատերազմը տևեց քսան տարի և ավարտվեց թալիբների վերադարձով։ Երկրորդը տապալեց Սադամ Հուսեյնին, բայց միաժամանակ վերացրեց Իրանի գլխավոր տարածաշրջանային հակակշիռներից մեկը։ Վաշինգտոնը ցանկանում էր վերաձևել Մերձավոր Արևելքը, սակայն իշխանության դատարկությունը լցրեցին ուրիշները։ Իրաքում ամրացավ Թեհրանի ազդեցությունը, «Ալ-Քաիդայի» իրաքյան ճյուղից հետագայում ծնվեց «Իսլամական պետությունը», իսկ Իրանի ազդեցության ցանցը Բաղդադից ձգվեց դեպի Դամասկոս ու Բեյրութ։ Ամերիկյան ներխուժումից հետո Իրանում վարչակարգը չթուլացավ․ փոխարենը տարածաշրջանային ուժերի հարաբերակցությունը երկար ժամանակ փոխվեց նրա օգտին։


 


Հետո եկավ Արաբական գարունը։ Սկզբում այն թվում էր ժողովրդավարության ուշացած հաղթանակ, հետո դարձավ քաղաքացիական պատերազմների, փլուզված պետությունների և միլիոնավոր փախստականների աշխարհ։ Սիրիան դրա ամենաարյունոտ խորհրդանիշն էր։ Այնտեղ հանդիպեցին գրեթե բոլոր հետսեպտեմբերյան հակասությունները՝ ջիհադիզմը, Իրանի ու «Հեզբոլլահի» ընդարձակումը, Ռուսաստանի վերադարձը Մերձավոր Արևելք, Թուրքիայի նոր հավակնությունները, քրդական հարցը և ամերիկյան անվստահությունը երկար պատերազմների նկատմամբ։ Տասներեք տարվա պատերազմից հետո Ասադի համակարգը վերջապես փլուզվեց 2024-ին, իսկ Թուրքիան դարձավ նոր Սիրիայի ամենաազդեցիկ արտաքին դերակատարներից մեկը։


 


Սակայն Սեպտեմբերի 11-ի երկրաշարժի ալիքները հասան նաև մեր տարածաշրջան։


 


Աֆղանստանի պատերազմը հանկարծ ռազմավարական արժեք տվեց քարտեզի այն հատվածներին, որոնք 1990-ականներին Վաշինգտոնից հեռավոր ծայրամաս էին թվում։ Հարավային Կովկասը դարձավ դեպի Կենտրոնական Ասիա և Աֆղանստան տանող օդային ու լոգիստիկ տարածք։ Ադրբեջանը բացեց իր օդային տարածքը, մասնակցեց Աֆղանստանի գործողություններին և աստիճանաբար դարձավ Արևմուտքի համար ոչ միայն նավթային, այլև անվտանգային գործընկեր։ Ամերիկյան ռազմավարական գրականությունն արդեն 2000-ականների կեսերին արձանագրում էր, որ Սեպտեմբերի 11-ից հետո Կովկասի և Կենտրոնական Ասիայի նշանակությունը ԱՄՆ անվտանգության համար կտրուկ մեծացել էր։


 


Դրան միացավ էներգետիկան։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, ապա Հարավային Կովկասի գազամուղը ձևավորեցին Կասպից ծովից դեպի Թուրքիա և Եվրոպա Ռուսաստանը շրջանցող միջանցք։ Եվ այդ աշխարհատնտեսական քարտեզի ամենացավոտ գիծը Հայաստանի համար այն էր, որ այն շրջանցում էր նաև Հայաստանը։


 


2008 թվականի ռուս-վրացական պատերազմը ցույց տվեց, թե որքան փխրուն են այդ միջանցքները և որքան խոցելի է Հայաստանը փակ սահմանների պայմաններում։ Մի քանի օրում պարզ դարձավ, որ ճանապարհը նույնպես արտաքին քաղաքականություն է։ Այդ պատերազմը դարձավ նաև հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտության» կարևոր արագացուցիչներից մեկը։ Մարտի 1-ից հետո միջազգային լեգիտիմության խնդիր ունեցող Սերժ Սարգսյանի իշխանությունը ևս շահագրգռված էր արտաքին քաղաքական ճեղքումով։ Արդյունքում ծնվեց հայ-թուրքական հաշտեցման այն փորձը, որոնք հասան ստորագրության սեղանին, բայց կանգ առան փակ սահմանի առաջ։


 


Միաժամանակ հետխորհրդային տարածքում մեկ այլ շարժում էր սկսվել։ Վրաստանի Վարդերի հեղափոխությունը և Ուկրաինայի Նարնջագույն հեղափոխությունը ցույց տվեցին, որ ընտրակեղծիքով կարծրացած իշխանությունն անպարտելի չէ։ Հայաստանի հասարակության մի հատվածն էլ նայում էր Թբիլիսիին ու Կիևին և մտածում՝ եթե նրանք կարողացան, գուցե մենք էլ կարող ենք։ 2008-ին չկարողացանք։ Մարտի 1-ը դարձավ այդ հույսի արյունոտ սահմանագիծը։ Իսկ Մոսկվան Վարդերի ու Նարնջագույն հեղափոխությունների մեջ սկսեց տեսնել ոչ թե ժողովրդավարացման ալիք, այլ արևմտյան ներխուժում իր «ազդեցության գոտի»։ Այդ վախը հետագայում դարձավ Ռուսաստանի քաղաքականության կարևոր շարժիչներից մեկը։


 


Հայաստանը գնաց հակառակ ուղղությամբ։ 2013-ին, երբ պատրաստվում էր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրել, Երևանը մեկ օրում հայտարարեց Ռուսաստանի առաջնորդած Մաքսային միությանը միանալու մասին, ապա մտավ Եվրասիական տնտեսական միություն։ Անվտանգության ռուսական երաշխիքը փոխանակվեց ռազմավարական ընտրության սահմանափակման հետ։


 


Այդ պատճառով Սեպտեմբերի 11-ի քառորդդարյա տարելիցը միայն ամերիկյան ողբերգության հիշատակի օր չէ։ Այն հնարավորություն է նայելու աշխարհին, որը կառուցվեց այդ ողբերգությունից հետո։ Ահաբեկչությունը վերացնելու համար սկսված պատերազմները ծնեցին նոր պատերազմներ։ Իրաքում ուժի դատարկությունը մեծացրեց Իրանի ազդեցությունը։ «Ալ-Քաիդայի» դեմ պատերազմից ծնված միջավայրում հայտնվեց ավելի դաժան «Իսլամական պետությունը»։ Ժողովրդավարություն արտահանելու հավակնությանը հաջորդեցին քաոսը, հոգնածությունը և ավտորիտար հակահարվածը։ Իսկ «ահաբեկչության դեմ անվերջ պատերազմների» ստվերը քառորդ դար անց դեռ կախված է ամերիկյան քաղաքականության վրա։


 


Հայաստանի համար այդ քսանհինգ տարվա ամենադաժան դասը, սակայն, ավելի պարզ է։ Մինչ Ադրբեջանը իր աշխարհագրությունը վերածում էր տարանցիկ, էներգետիկ և անվտանգային կապիտալի, մենք աշխարհագրությունը շարունակում էինք ընկալել որպես ճակատագիր։ Մինչ մեր շուրջ կառուցվում էին խողովակաշարեր, ճանապարհներ և նոր ռազմավարական հարաբերություններ, Հայաստանը հաճախ մնում էր ուրիշների անվտանգության համակարգի վերջնակետը։


 


Սեպտեմբերի 11-ից հետո աշխարհը սովորեց, որ երբեմն պատմությունը փոխելու համար բավական է մի քանի ժամ։ Հայաստանը պետք է սովորի ավելի դժվար դասը. փոքր պետությունների ճակատագիրը որոշվում է նրանով, թե որքան արագ են նրանք հասկանում արդեն փոխված աշխարհը և իրենց տեղը գտնում այնտեղ՝ մինչև ուրիշները նրանց փոխարեն գծեն քարտեզը։


 


 




Կարդացել են
անգամ

Leave a Comment