Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում





Հութիները գրավել են Եմենի Մոխա նավահանգստային քաղաքը և Կարմիր ծովի ափի երկայնքով առաջ շարժվել դեպի ռազմավարական նշանակություն ունեցող կղզիներ Թրամփի՝  Իրան-ԱՄՆ պատերազմի ավարտի  մասին հայտարարությունից ժամեր անց։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել են տեղի  ռազմական աղբյուրները։

Հութիներն ամրապնդել են իրենց դիրքերն աշխարհի կարևորագույն ծովային ուղիներից մեկի՝ Բաբ էլ Մանդեբի նեղուցի նկատմամբ և հասել են Հանիշ կղզիներին։ Եթե հութիներին հաջողվի վերահսկողություն հաստատել այս ջրային ուղու, դա կարող է վճռորոշ առավելություն տալ Իրանին՝ ԱՄՆ-ի հետ պատերազմում՝ կրճատելով մատակարարումները երկրորդ խոշոր տարանցիկ միջանցքով և հանգեցնելով նավթի գների կտրուկ աճի։

Սա նաև կարող է բարդացնել Թրամփի համար պատերազմից դուրս գալու ելքեր գտնելը, քանի որ այդ պատերազմն արդեն իսկ վնասել է նրա ​​կուսակցության վարկանիշին՝ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունների նախաշեմին։

Եմենում հութիների վերահսկողության տակ գործող հումանիտար գործողությունների համակարգման կենտրոնը հայտարարել է, որ Կարմիր ծովում նավագնացությունը անվտանգ է բոլոր նավագնացային ընկերությունների համար՝ բացառությամբ Սաուդյան Արաբիայի նավերի։

Սաուդյան Արաբիան՝ նավթի աշխարհի խոշորագույն արտահանողը, սկսել է օգտվել Կարմիր ծովային երթուղուց՝ Հորմուզի նեղուցի փակվելու պատճառով։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Եմենի հակամարտությունը հնարավոր չէ լուծել շրջափակման կամ հութիների դեմ ռազմական գործողությունների միջոցով, և կոչ է արել երկխոսություն սկսել՝ չանդրադառնալով Իրանի դերակատարմանը։

Եմենի կառավարության, ինչպես նաև իրանական և տարածաշրջանային աղբյուրները Reuters-ին հայտնել են, որ այս շաբաթ հութիների առաջխաղացումն իրականացվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անմիջական ցուցումներով։

Հութիների խոսնակ Մուհամեդ Աբդուլսալամը հայտարարել է՝ առանց մանրամասնելու, որ խմբավորման գործողությունները պաշտպանական բնույթ են կրում և կդադարեցվեն, երբ դադարեցվեն Եմենի վրա հարձակումները։



Leave a Comment