ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանվում է, որ կորցրած գույք գտնելու դեպքում այն պարզապես վերցնել և պահել չի կարելի․ գտնողը պարտավոր է այն վերադարձնել սեփականատիրոջը կամ օրենքով սահմանված կարգով հայտնել գտանքի մասին։ Iravaban.net–ը ներկայացնում է՝ ինչ անել գտնված գույքի հետ, ինչ պատասխանատվություն ունի գտնողը և որ դեպքում այն կարող է դառնալ նրա սեփականությունը։
Գտել եք գույքը․ առաջին քայլը՝ հայտնել և վերադարձնել
Կորցրած գույքը գտնողը պարտավոր է անհապաղ հայտնել դրա մասին սեփականատիրոջը կամ այն ստանալու իրավունք ունեցող այլ անձի և վերադարձնել գույքը։
Եթե գտել եք տրանսպորտում կամ շենքում
Այստեղ գործում է հատուկ կանոն․ գտած գույքը պետք է հանձնել շենքի կամ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ տիրապետողին։
Սեփականատերը հայտնի չէ․ ո՞ւմ դիմել
Եթե գույքը վերադարձնելու իրավունք ունեցող անձը կամ նրա գտնվելու վայրը հայտնի չէ, գտնողը պարտավոր է այդ մասին հայտնել ոստիկանությանը կամ տեղական ինքնակառավարման մարմնին։
Կարելի՞ է գտած գույքը պահել
Այո։ Գտնողը կարող է այն պահել իր մոտ կամ ի պահ հանձնել ոստիկանությանը, համայնքին կամ նրանց նշած անձին։
Իսկ եթե գույքը արագ փչացող է
Օրենքը թույլ է տալիս արագ փչացող գույքը կամ այն գույքը, որի պահպանման ծախսերը անհամաչափ մեծ են արժեքի համեմատ, իրացնել։ Սակայն վաճառքից ստացված գումարը պետք է վերադարձվի գույքն ստանալու իրավասություն ունեցող անձին, իսկ վաճառքը պետք է փաստաթղթավորվի։
Ի՞նչ պատասխանատվություն ունի գտնողը
Գտած գույքի կորստի կամ վնասվելու համար գտնողը պատասխանատու է միայն մեղքի առկայության դեպքում և գույքի արժեքի սահմաններում։
Ի՞նչ է սահմանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 181-րդ հոդվածը
Գտանքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը։ Ի՞նչ է նշանակում։
Գտած գույքը անմիջապես չի դառնում այն հայտնաբերած անձի սեփականությունը։ Օրենքը դրա համար սահմանում է որոշակի ընթացակարգ և ժամկետ։
Եթե գտնված գույքի մասին ոստիկանությանը կամ տեղական ինքնակառավարման մարմնին հայտնելուց հետո վեց ամսվա ընթացքում գույքն ստանալու իրավունք ունեցող անձը չի հայտնաբերվում կամ չի հայտարարում իր իրավունքի մասին, գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերում այն գտնող անձը։
Այսինքն՝ կարևոր է ոչ միայն գույքը գտնելը, այլև օրենքով նախատեսված կարգով դրա մասին հայտնելը։
6 ամիսը ո՞ր պահից է հաշվարկվում
Վեցամսյա ժամկետը հաշվարկվում է ոստիկանությանը կամ տեղական ինքնակառավարման մարմնին գտանքի մասին հայտնելու պահից։
Եթե այդ ժամանակահատվածում սեփականատերը կամ գույքն ստանալու իրավասություն ունեցող այլ անձ չի հայտնաբերվում և չի հայտարարում իր իրավունքի մասին, գտնողը կարող է ձեռք բերել գույքի նկատմամբ սեփականության իրավունք։
Իսկ եթե գտնողը չի ցանկանում գույքը վերցնել որպես սեփականություն
Այս դեպքում գույքը չի մնում անորոշ կարգավիճակում։
Եթե գտնողը հրաժարվում է գտնված գույքը սեփականության վերածելուց, այն դառնում է համայնքի սեփականություն։
Այսպիսով, օրենքը նախատեսում է հստակ հերթականություն․ սկզբում պետք է փորձել գտնել և գույքը վերադարձնել դրա իրավասու ստացողին, իսկ եթե վեց ամսվա ընթացքում վերջինս չի հայտնվում կամ չի հայտարարում իր իրավունքի մասին, գույքը կարող է դառնալ գտնողի սեփականությունը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 182-րդ հոդվածով սահմանվում է, որ գույքը գտնողն իրավունք ունի գույքն ստանալու իրավասու անձից պահանջել գույքի արժեքի մինչև 20 տոկոսի չափով վարձատրություն։
Կորցրած գույքը գտած և այն իրավասու անձին վերադարձնելու դեպքում գտնողը կարող է ոչ միայն պահանջել իր անհրաժեշտ ծախսերի հատուցումը, այլև ստանալ վարձատրություն։
Ի՞նչ ծախսեր կարող է փոխհատուցել սեփականատերը
Գտած գույքը վերադարձնելու համար կատարված անհրաժեշտ ծախսերը նույնպես կարող են հատուցվել։
Խոսքը, մասնավորապես, գույքը պահպանելու, հանձնելու կամ իրացնելու, ինչպես նաև այն ստանալու իրավասու անձին հայտնաբերելու հետ կապված անհրաժեշտ ծախսերի մասին է։
Եթե հետագայում գույքն անցնում է համայնքի սեփականությանը, այդ ծախսերի հատուցումը կարող է պահանջվել համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնից։
Իսկ եթե գույքը արժեք ունի միայն սեփականատիրոջ համար
Ոչ բոլոր իրերի համար է հնարավոր պարզապես հաշվարկել գույքի շուկայական արժեքի 20 տոկոսը։
Եթե գտնված գույքն արժեք է ներկայացնում միայն այն ստանալու իրավասու անձի համար, վարձատրության չափը որոշվում է նրա և գտնողի համաձայնությամբ։
Եթե կողմերը չեն կարողանում համաձայնության գալ, վարձատրության չափը կարող է որոշել դատարանը։
Սեփականատերը նախապես պարգև էր խոստացե՞լ
Այս դեպքում գործում են խոստացած պարգևի պայմանները։
Եթե գույքը վերադարձնելու համար դրա իրավասու ստացողը հրապարակայնորեն պարգև է խոստացել, այն պետք է վճարվի հենց այդ խոստման պայմաններով։
Մինչև վարձատրությունը ստանալը կարելի՞ է պահել գույքը
Այո։ Գտնողն իրավունք ունի մինչև իրեն հասանելիք վարձատրությունը ստանալը պահել գտած գույքը։
Սակայն դա չի վերացնում գույքը վերադարձնելու և դրա մասին օրենքով սահմանված կարգով հայտնելու պարտականությունը։
Ո՞ր դեպքում վարձատրություն չի հասնում
Օրենքը հստակ սահմանում է՝ վարձատրության իրավունքը չի առաջանում, եթե գտնողը չի հայտնել գտանքի մասին կամ փորձել է թաքցնել այն։
Այսինքն՝ գտած գույքը սեփականատիրոջից թաքցնելու դեպքում անձը ոչ միայն չի կատարում օրենքով նախատեսված պարտականությունը, այլև զրկվում է դրա համար վարձատրություն պահանջելու հնարավորությունից։
Այսպիսով՝ գտնված գույքը վերադարձնելը կարող է նաև վարձատրության իրավունք առաջացնել, սակայն դրա համար կարևոր պայման է՝ գտնողը պետք է պատշաճ կերպով հայտնի գտանքի մասին և չփորձի այն թաքցնել։