Հյուսիսային Կորեան Յոնգբյոնում ուրանի հարստացման նոր կայան է կառուցել․ ԶԼՄ

Հյուսիսային Կորեան Յոնգբյոնի գլխավոր միջուկային համալիրում կառուցել է ուրանի հարստացման նոր երկհարկանի կայան, DW-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը։

Գործակալության գնահատմամբ՝ նոր օբյեկտը կարող է տեղավորել մինչև 28 գազային ցենտրիֆուգային կասկադ, ինչը վկայում է Փհենյանի միջուկային ենթակառուցվածքների շարունակական ընդլայնման մասին:

Քանի որ ԱԷՄԳ-ի տեսուչների մուտքը Հյուսիսային Կորեա արգելված է 2009 թվականից, գործակալությունն իրավիճակը վերահսկում է արբանյակային լուսանկարների և բաց աղբյուրների վերլուծության միջոցով։

Շինարարության արբանյակային լուսանկարները համադրվել են Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ հունիսին կատարած այցի պաշտոնական լուսանկարների հետ, որտեղ երևում են շենքի երկու հարկերում տեղակայված ցենտրիֆուգների կասկադները։ Սա համալիրի ներսում ուրանի հարստացման երկրորդ կայանն է։

ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ընդգծել է, որ Հյուսիսային Կորեայի գործողությունները լուրջ մտահոգություն են առաջացնում միջազգային անվտանգության տեսանկյունից։

«Կանսոնգում և Յոնգբյոնում հարստացման օբյեկտների շարունակական շահագործումը, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի կողմից զենքի համար նախատեսված միջուկային նյութերի հետագա ընդլայնման մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգության տեղիք են տալիս»,- հայտարարել է Գրոսին։

Միջազգային գործակալությունը հիշեցնում է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի ընդլայնումը ուղղակիորեն խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք արգելում են Փհենյանին մշակել միջուկային զենք և բալիստիկ հրթիռներ:

Leave a Comment