Կասկադյորական ավտովթար՝ Նոր Հաճնում․ 24-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Kia Forte»-ով բախվել է շատրվանների ջրավազանի բազալտե եզրաքարին, անցել ջրավազանի վրայով և բախվել շտապօգնության ավտոմեքենային ու 2 «BMW»-ներին



Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Նոր Հաճն քաղաքի շատրվանների հրապարակում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Դերենիկ Մ․-ն իր վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայով բախվել է շատրվանների ջրավազանի բազալտե եզրաքարին, անցել ջրավազանի վրայով և, հայտնվելով մյուս կողմում, բախվել կայանված շտապօգնության և 2 «BMW» մակնիշի ավտոմեքենաներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և Նոր Հաճնի շտապօգնության բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը վիրավորներին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավոր ուղևորի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment